Շրիշակից ցածր չափանիշներն իրենց չափանիշներն են, լատենտ նախկիններն են․ Մարուքյանը՝ Պապոյանի ելույթի մասին

Ամենադիտվածներ

Եթե անգամ կա ՍԴ ճգնաժամ, դրա համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը․ Մարուքյան

Ես իրեն պատասխանելու ոչ մի բան չունեմ, որովհետև մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին:

Նա նշեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շարունակում է ատելության խոսք տարածել, ինչը տարբեր ձևերով տարածվում է նաև խմբակցության աջակիցների կողմից Facebook-ում, սոցիալական տարբեր հարթակներում:

«Ամբիոնից անընդհատ «Էդմոն Մարուքյան», «Էդմոն Մարուքյան» ասելով՝ այդ մարդիկ փորձում են դառնալ հայտնի: Եթե դա է հայտնի դառնալու ճանապարհը, խնդիր չկա, թող դառնան հայտնի, բայց ես շարունակում եմ պնդել, որ այն ատելության միջավայրի համար, որ այսօրվա իշխանությունը ձևավորել և ամենօրյա ռեժիմով սնուցում է, պատասխանատվություն է կրելու»,-ասաց Մարուքյանը։

Նա հավելեց, թե Պապոյանը պետք է հպարտանա, որ Հանրապետական կուսակցության անդամ է եղել:

«Փոխանակ հպարտանա, որ հանրապետական է եղել, որովհետև ինքը հպարտ հանրապետական է եղել, ուզում է հիմա ասել՝ «չէ, ես չգիտեմ, առաքիչ եմ եղել»: Թեման բացվել է նրանից, որ երբ մեզ ասում են՝ նախկիններին ենք աջակցում, սուտ լուրեր են տարածում, մենք ասում ենք՝ «եղբայր, մենք նախկիններին չենք աջակցում, բայց այ դու նախկին ես»: Իրենք նախկին են, մեզ են ասում՝ նախկիններին աջակցող: Հանրապետականների լիքը նախագծերի Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ քվեարկել, ինչո՞ւ չեն հիշում: Շրիշակից ցածր չափանիշներն իրենց չափանիշներն են, լատենտ նախկիններն են»,-նշեց Մարուքյանը:

Նա ընդգծեց, թե ԱԺ ամբիոնից սկսել են անդրադառնալ սոցցանցերի հրապարակումներին, ինչը սխալ է:շ

«Խորհրդարանական մշակույթում չկա նման բան, որ խորհրդարանը դարձնենք Facebook: Մեկը Facebook-ում մի բան է գրում, մեկ էլ տեսնում ես՝ հաջորդ օրը ամբիոնից դրան պատասխանում են: Սա խորհրդարանն անլրջացնելու ամենավերջին տարբերակներից մեկն է»,-նշեց նա:

Մարուքյանի համոզմամբ՝ այսօր իշխանությունն ատելության թիվ 1 «բարձրախոսն» է դարձել՝ իր պատգամավորներով, աջակիցներով, համախոհներով:

«Մեղադրում էին, որ «Ոչ»-ի ճամբար չենք բացել, բայց տեսնում ենք, որ Էջմիածնում «Ոչ»-ի «հուղարկավորություն» են կազմակերպել: Բա որ մեկն էլ մի քար վերցնի, տա «Ոչ» քարոզողի գլխին, սպանի, ո՞վ է պատասխան տալու: Այ այդ թաղում անողների հետ ես բան չունեմ խոսելու: Դուք եկել ասում եք՝ թաղում անողին կարձագանքե՞ք: Ես թաղում անողին բան չունեմ ասելու: Թաղում անողը թող թաղումներով զբաղվի, վաղը, մյուս օրը թաղում անելու պատասխանը տա»,-ասաց նա:

Անդրադառնալով իր՝ պատգամավոր ընտրվելու և թեկնածուներից Վիկտոր Դալլաքյանի՝ ժամանակին արած հայտարարություններին, թե Մարուքյանը հաղթել է, քանի որ վայելել է Հանրապետական կուսակցության համակրանքը, Մարուքյանն արձագանքեց, որ Վիկտոր Դալլաքյանին երբ հաղթել է, Հայաստանում եղել է ցնցող դեպք, և դրանով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև այն անհնարինության կոմպլեքսը, որ անհնար է մեծամասնական ընտրակարգով ընտրվել, կոտրվել է:

«Շատ սխալ է ասել, որ ես Վիկտոր Դալլաքյանին եմ հաղթել, որովհետև 5 թեկնածու է եղել, և որևէ թեկնածուի դերը նսեմացնելը սխալ է: Բայց պարզ է, որ եթե ես լինեի «ոչ մեկը», լինեի «նիկտո», չէի կարող ընտրվել, բայց երբ այսօր ինչ-որ մեկը, որ «նիկտո» է, դա ուզում է վիճարկել կամ դրանով ուզում է սևացնել մեր անցած ճանապարհը, բնականաբար չի ստացվելու»,-նշեց նա։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ