Քաղաքականություն

Չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշումը․ «Ժառանգությունը» դիմել է նախագահին

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նամակում ասված է․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:

«Ժառանգությունը» բարձր է գնահատում փետրվարի 26-ի ձեր հանդիպումները, մասնավորապես ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկած ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, որը հանրությանը ներկայացրել է իր ծայրահեղ այս քայլի լրջագույն հիմնավորումներ՝ գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին: Ընդ սմին հայտարարության մեջ Հայաստանյան զինված ուժերը նախազգուշացրել են ՀՀ ներկա կառավարությանը «ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

ՀՀ ԶՈՒ այս հայտարարության միջազգային գնահատականները հիմնականում ցույց տվեցին, որ այն բնավ չի գնահատվում իբրև «զինված հեղաշրջման փորձ», նույն համոզմանն է նաև Հայաստանյան հանրային-քաղաքական դաշտը սակավ բացատրելի բացառություններով: «Ժառանգությունն» արձանագրում է, որ Հայաստանի առջև ծառացած է պետականության կորստի ծանրագույն սպառնալիք, հարկ է հստակ և գործուն որոշումներ կայացնել: Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անչառ և ազգաշեն վճիռ կկայացնի՝ չստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանակության որոշումը, որը չի բխում ՀՀ պետական շահերից, և անհրաժեշտության դեպքում դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու այդ որոշման իրավական հիմքերը:

Հարգանքներով «Ժառանգություն» կուսակցության վարչություն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ