Իրավական
19:00 20/05/2020

Ծխախոտի պատմությունն իմ կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մեկ այլ անդամի հետ կապ չունի․ Հրաչյա Հակոբյան

Ծխախոտային սկանդալը գնալով թափ է հավաքում։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին ու աներորդին ջանասիրաբար հերքում են, թե իրենք կապ ունեն Հայաստանից մաքսանենգ ճանապարհով այլ երկիր արտահանված ծխախոտի խմբաքանակի հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ առանց իշխանական բարձր հովանավորչության՝ նման բան տեղի չէր ունենա Հայաստանում, ինչպես տեղի չի ունեցել նախկինում։

Փաշինյանի աներորդին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, երեկ Aravot-ի հետ զրույցում դարձյալ հերքեց այս ամենը։ «Ոչ մի փաստ չի հրապարակվել, որ ես կապ ունեմ էդ սիգարետի մաքսանենգության հետ, ոչ մի փաստ չի հրապարակվել, որ Փաշինյանի ընտանիքը կապ ունի մաքսանենգ ճանապարհով գնացած սիգարետի հետ, առավել ևս, բացի ռուսական ֆեյք լրատվամիջոցներից, ոչ մի փաստ, որևէ ատյան այս ինքնաթիռի մասին, գոնե թե էս երկրորդի մասին որևէ հայտարարություն չի արել»,- ասաց Հրաչյա Հակոբյանը։

– Պարզապես կասկածելի է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ «դուխով» չհերքեց այդ տեղեկությունը։

– Ես եմ հերքել, ես հերքել եմ, դատի եմ տվել, Նիկոլ Փաշինյանն էլ հղում է անում իմ հերքմանը, իմ դատի տալուն և ասում է, որ ես դատի եմ տվել, և հանրության աչքի առաջ բոլորը կտեսնեն էդ պատմությունը։

– Ամբողջ խնդիրն այն է, որ վաղը կարող են մեկ-երկու շարքային մաքսավորի պատասխանատվության ենթարկել՝ դրանով համարելով գործը փակված, մինչդեռ դրա հետևում ավելի բարձրաստիճան դեմքեր կարող են կանգնած լինել։

– Որտեղի՞ց վստահություն, որ դրա հետևում կարող են կանգնած լինել ավելի բարձրաստիճան դեմքեր։ Ես ունե՞մ տեղ՝ կասկածելու, որ միգուցե մաքսայինում այդ ցածրաստիճան, շարքային աշխատակիցները ենթարկվում են, օրինակ, Միքայել Մինասյանին կամ իր սպասարկողներին և էս տիպի բաներ են անում։

– Կարծում եք՝ առանց իշխանության հովանավորչության հնարավո՞ր է մաքսանենգ ճանապարհով Հայաստանից այդպիսի մեծ քանակով ծխախոտ արտահանել։

– Նախ, նորից եմ կրկնում՝ ես փաստացի չեմ տեսել, որ, օրինակ, ռուսական գերատեսչությունները հայտարարություն տարածեն Հայաստանից գնացած որևէ մաքսանենգ ծխախոտի հետ կապված։ Ես չեմ տեսել։ Եթե կա, թող Միքայել Մինասյանը հաջորդ իր վատ գեղարվեստական ֆիլմի մոնտաժով մի հատ էդ ռուսական գերատեսչության, ոչ թե լրատվամիջոցի փաստաթուղթ հրապարակի։

– Բայց Դուք չեք հերքում, որ ծխախոտ է արտահանվել Հայաստանից, Դուք ասում եք՝ թող ստուգեն, բացահայտեն, բայց չեք ասում, որ չկա նման բան։ Այսինքն՝ հորինված չէ ծխախոտի պատմությունը։

– Հորինված չէ, որ ծխախոտը գնացել է, հորինված է, որ դա իմ կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այլ անդամի հետ է կապված ծխախոտի էդ պատմությունը։

– Իսկ ադամանդագործությո՞ւնը։

– Ադամանդագործությունը՝ դա մի լրիվ ուրիշ տիպի սուտ էր։ Գիտե՞ք խնդիրը որն է, որ Դուք էլ չեք հավատում, ադամանդագործությանը, ծխախոտին Դուք էլ չեք հավատում։ Դուք էլ գիտեք, որ ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ չեմ տարել, Դուք էլ գիտեք, Դուք վստահ եք, և ձեր խմբագրությունում նույնպես շատերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որևէ մեկը ծխախոտի գործի հետ և ադամանդի հետ կապ չունի։

Գրում է Aravot-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ