Իրավական
19:20 08/04/2020

Ցմահ դատապարտված 74-ամյա Խոսրով Ավագյանը ազատ է արձակվել․ փաստաբան

Երկու քրոջ սպանության և խարդախության համար ցմահ ազատազրկված 74-ամյա Խոսորով Ավագյանն արդեն 4-5 օր է՝ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

Փաստաբանը ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ցմահ ազատազրկման դատապարտված Խոսրով Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու մասին:

Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ Խոսրով Ավագյանի առողջական վիճակը ծանր է, ինչի համար նրան դատարան են տարել, քննել խափանման միջոցի հարցը, ստորագրությամբ կալանավորումը վերացվել է և անմիջապես դատարանի դահլիճից բաց են թողել:

«Նոր հանգամանքի հիմքով քննություն է շարունակվելու, քանի որ Եվրոպական դատարանը Ավագյանի իրավունքների խախտումներ է ճանաչել, նոր քննություն է լինելու, ուստի այս պահին ապացույցների վերաբերյալ որևէ հստակ բան ասել չեմ կարող»,- ասաց նա հավելեց, որ Ավագյանը հիմա տանն է:

Աղբյուրը Հիշեցնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով իր միջնորդությունը քննության առնել Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցի լույսի ներքո, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

Ըստ փաստաբանի, վերջին երկու տարիների ընթացքում, ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակում ստացված դիմումների առթիվ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, բազմիցս իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել Խոսրով Ավագյանին, որոնց ընթացքում նրան հնարավոր չի եղել, թեկուզ անվասայլակով, իր խցից` հիվանդասենյակից տեղափոխել հանդիպումների համար նախատեսված սենյակ եւ յուրաքանչյուր դեպքում աշխատակիցները փաստաբանին ուղեկցել են նրա համար առանձնացված խուց, որտեղ նրա պաշտպանյալն անշարժ գամված է անկողնուն, ամիսներով չի լողանում, նույն խցում սնվում է և հոգում իր կարիքները, ոչ ոք նրան չի օգնում և գտնվում է անմարդկային, անտանելի ծանր առողջական, սոցիալական ու սանիտարական պայմաններում։

Նշվում է, որ Խոսրով Ավագյանի` ցմահ ազատազրկման դատապարտվածի պատժի կրման սկիզբը հաշվել էին 2007 թվականի սեպտեմբերի 24-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ