fbpx
Առողջապահություն

Աշխատանքը գումարի համար չեմ անում, այլ գեղեցկացնելու և երջանկացնելու. Բժիշկ-կոսմետոլոգ Դիանա Գրիգորյան

Azat.tv-ին զրուցել է բժիշկ-կոսմետոլոգ Դիանա Գրիգորյանի հետ։ «Խնամվածությունը գումարի հետ կապ չունի, անգամ տան պայմաններում կարող ենք ինքներս մեզ խնամել»,- ասում է Դիանան։ 

Դիանա, այսօր կոսմետոլոգիան պահանջված է. Ըստ ձեզ՝ Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում: Արդյոք կան այնպիսի պրոցեդուրաներ, որ դեռ Հայաստանում չի կիրառվում

– Հայաստանում կոսմետոլոգիան գտնվում է բարձր մակարդակի վրա, քանի որ մեր մասնագետներն աննընդհատ մեկնում են արտերկիր վերապատրաստումների և ստանում են անհրաժեշտ գիտելիքներ: Սակայն կա մի պրոցեդուրա, որը Հայստանում ներկա պահին զարգացած չէ, դա պլազմոթերապիայի ֆիլլերն է: Շատ աղջիկներ կան, որոնք ցանկանում են ներարկումներն ավելի բնական լինի, իսկ պլազմոթերապիայի ֆիլլերների օգնությամբ ներարկումներն ավելի բնական տեսք են հաղորդում: Դեռևս Հայաստանում աշխատում ենք բոտոքսներով, ֆիլլերներով, սակայն ես կարծում եմ, որ գալու է ժամանակ, երբ բոլորն ավելի բնականի կողմնակից են լինելու: Ունենք նաև միջամտություններ՝ սեփական ճարպից վերամշակում ենք և ներարկում դեմքին, բայց հիմա աշխատում են արյան պլազմայի միջոցով ստանալ ֆիլլերները և սկսել դրանցով ներարկումներ կատարել, և դրա համար հարկավոր է վերապատրաստումներ անցնել ու հիմա շատ մասնագետներ պատրաստվում են դրան:

Նշեցիք, որ այդ ֆիլլերներով ավելի բնական է լինելու, այսինքն եթե շուրթերի ծավալի մեծացում կատարվի, այն կունենա՞ բնական տեսք

-Այո, փոփոխությունն ավելի բնական է լինելու, քանի որ հիմա բոլորը ձգտում են բնականին և դա ավելի գեղեցիկ է:

Ոլորտում մասնագետները շատ են, ձեր մոտեցումը ի՞նչով է տարբերվում մյուսներից

-Ոլորտում բոլորն էլ բարձր մակարդակի մասնագետներ են, բոլորն էլ աշխատում են պատշաճ կերպով, չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Չեմ տարբերակում լավ կամ վատ մասնագետների: Ես ավելի բարեհամբույր եմ մոտենում իմ հաճախորնդերին, եթե գումարի հետ կապված խնդիրներ են լինում: Երբեք չեմ ձգտում գումարի համար աշխատել, հնարավոր են դեպքեր, որ առանց գումար իմ աշխատանքը կիրականացնեմ, երբ տեսնում եմ դիմացինս իսկապես ուզում է ավելի գեղեցկանալ, ես ինձ ավելի լավ կզգամ, երբ կարողանամ օգնել: Երևի թե դա է միակ տարբերությունը:

Երբ ձեզ դիմում են մի խնդրով, կապված օրինակ՝ շրթունքների ծավալի մեծացման համար, բայց դուք հասկանում եք, որ միջամտելու կարիք չկա, ի՞նչ եք անում այդ դեպքում

-Փորձում եմ շատ քիչ օգտագործել ֆիլլեր, որովհետև եթե քեզ դիմում են և իսկասպես ուզում են, չես կարող համոզել անկախ ամեն ինչից, ամենաքիչ տարբերակով ներարկումներ եմ կատարում, որպեսզի դիմացինը տեսնի փոփոխություն: Ես ինքս դեմ եմ, երբ չափն անցնում են, չեմ սիրում դեմքի վրա արտահայտված որևէ բան, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

 

Աննդհատ ներարկումներ անելով բոտոքսներ և ֆիլլերներ, ի՞նչ խնդիրների կարող են բախվել

-Ամեն բան կախված է ճիշտ աշխատելուց։ Եթե կատարվի ճիշտ ներարկումներ բնականաբար չեն առաջանա խնդիրներ:  Սակայն, եթե չկատարվի այդ ներարկումները կնճիռները ավելի արտահայտիչ կարող են դառնալ, իսկ ներարկումները դրանք ավելի հարթեցնում և գեղեցկացնում են, ամեն ինչ ճիշտ և բարձրորակ կատարելու դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա։

Կարծիքներ կան, որ սրսկումների համար կոսմետոլոգի մոտ այցելելուց հետո «հավերժ կապվում ես ասեղի հետ», ի՞նչ կասեք այս մասին

-Այո, կան նաև նման դեպքեր։ Խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախ առաջինը խորհրդակցել հաճախորդի հետ, հասկանալ, թե ինչ տեսակի պրոցեդուրա է ցանկանում և բացատրել ու մանրամասնել, նոր արդեն անցնել կուրսերին։

Երբ շրթունքների ծավալի մեծացման ներարկումներ են կատարվում, ի՞նչ հաճախականությամբ է հարկավոր այցելել կոսմետոլոգի մոտ

-Առհասարակ, խորհուրդ է տրվում այցելել 6-12 ամիսը մեկ, սակայն դեպքեր են լինում, երբ կարիք կա ժամանակից շուտ ներարկումները կրկնել:

Քանի որ, դուք զբաղվում եք կանանց և աղջիկներին գեղեցկացնելով, ի՞նչ եք զգում, երբ ձեր կատարած աշխատանքից գոհանում է հաճախորդը

-Դա հրաշալի զգացողություն է, որը ես զգում եմ։ Ինձ համար ամենաառաջնայինը հենց դա է, երբ ես կարողանում եմ այնպես անել, որ դիմացինս իրեն գեղցկացած և երջանիկ է զգում։ Դա ինձ հոգեպես տալիս է մեծ բավականություն։

Հիմնականում ի՞նչ խնդրի կամ ծառայության համար են դիմում ձեզ

-Դիմում են շրթունքների ծավալի մեծացման համար, բոտուլինաթերապիայի համար։ Հիմա էկոլոգիայից է, թե սնունդից, չեմ կարող ասել, բայց  մարդիք ավելի շուտ են գնում ծերացման, անգամ երիտասարդները կարիք են ունենում բոտուլինաթերապիայի, սակայն աշխատում եմ երիտասարդ և ցածր տարիքի աղջիկներին քիչ քանակությամբ ներարկումներ անել, որպեսզի ավելի բնական լինի և առողջական խնդիրների առջև չկանգնեն, քանի որ, երբ ցածր տարիքում շատ քանակությամբ ես անում, հնարավոր է խնդիերների հանգել։

Հիմնականում քանի՞ տարեկանից սկսած են դիմում

-Դիմում են 18 տարեկաից սկսած։ Առհասարակ տարբեր տարիքայիններ են դիմում, գերակշռում են 20 և ավելի բարձր տարիքայիններ։

Երբեմն աղջիկները, երբ ունենում են դեմքի հետ կապված խնդիրներ և ծառայություններն էլ բավականին թանկ արժեն, ստիպված են լինում դեմքը բուժել տնային պայմաններում. Ի՞նչ պրոցեդուրաներ չի կարելի անել տանը

-Ես ինքս դեմ չեմ տնային պայմաններում դեմքը խնամելուն, սակայն ամեն դեպքում պետք է խորհրդակցել բժիշկ-կոսմետոլոգի հետ։ Առհասարակ չի կարելի դեմքը ջրածնի պերոքսիդով մաքրել, երբեմն դրան խառնում են սոդա, որը կարող է վնասել մաշկը։ Դրա համար նախ առաջինը հարկավոր է հասկանալ թե ինչ մաշկ է և նոր անցնել խնամքին, ամեն դեպքում կարևոր եմ համարում բժշկի հետ խորհրդակցելը։

Բացի բժշկական հմտություններից, էլ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկ-կոսմետոլոգը

-Ամեն աշխատանքի հիմքում ընկած է սերը դեպի քո մասնագիտություն, առհասարակ պետք է առաջինը սիրես կատարածդ աշխատանքը։ Բացի մասնագետ լինելուց, նաև պետք է լինել հոգեբան, երբ հաճախորդը գալիս է և, օրինակ, ցանկանում է միջամտություն, պետք է կարողանաս հասկանալ առաջինը հաճախորդին և իր ցանկությունները։ Պետք է խորհրդակցել մարդկանց հետ, խոսել, հասկանալ նրանց։ Ամենակարևորը, որ անում եմ, մարդկանց լավատեսությամբ լցնելն է, քանի որ իմ կարգախոսն է ամեն վատի մեջ տեսնել լավը, ու դա հոգեպես ու արտաքնապես բերում է բալանսի։

Ես գիտեմ, որ դուք առաջիկայում պատրաստվում եք մեկնել արտերկիր մասնագիտական ոլորտում կատարելագործվելու համար, ի՞նչ բացեր կան այստեղ, որ փորձում եք լրացնել արտասահմանում

-Դա ինձ մոտ որոշված էր դեռ մանկուց, որ պետք է մեկնեմ ԱՄՆ կրթություն ստանալու համար։ Ոչ թե այստեղ չկա այն ամնեը, ինչ փորձում եմ գտնել, այլ պարզապես որոշեցի տեղափոխվել ԱՄՆ և կրթությունը շարունակել այնտեղ, քանի որ տեխնիկապես այնտեղ ավելի զարգացած է, և ավելի շատ հնարավորություն է քեզ ընձեռվում առաջ գնալու և զարգանալու։ Ինչ վերաբերվում է Հայաստանի կրթությանը, այն շատ բարձր մակարդակի վրա է գտնվում և ես իսկապես դա գնահատում եմ։ Հուսով եմ կգա ժամանակ, երբ ստիպված չենք լինի մեկնել արտերկիր ուսում ստանալու, քանի որ վերջում բոլորս էլ հետ ենք վերադառնալու։

ԵՎ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց և աղջիկներին

Խորհուրդ կտամ անկախ ամեն ինչից լինել խնամված, անգամ եթե անհրաժեշտ գումար չունեն։ Խնամվածությունը գումարի հետ կապ չունի, անգամ տան պայմաններում կարող ենք ինքներս մեզ խնամել։ Խորհուրդ եմ տալիս մեր աղջիկներին լինել բարի ու ժպտերես։

Զրույցը վարեց Ռիտա Մնացականյանը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ