Աշխարհ
23:00 01/12/2019

Ցուցարարները Իրաքի ակցիաների վերաբերյալ հին տեսանյութ են ուղարկել Reuters-ին

Իրաքում ցուցարարները հրկիզել են Նաջաֆ սուրբ քաղաքի Հաքիմի տաճարի մուտքը, ինչին պատասխանել են անվտանգության ուժերը՝ կիրառելով արցունքաբեր գազ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Ցուցարարները տեսագրություն են ուղարկել Reuters գործակալությանը, որտեղ պատկերված է եղել Հաքիմի տաճարի բոցավառվող դուռը: Reuters գործակալությունը չի կարողացել անմիջապես ստուգել կադրերի իսկությունը։ Գործակալությունը հետագայում պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ ամիս՝ Իրաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ամենաարյունալի օրերից մեկի ժամանակ։

Այս ուրբաթ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խոստացել է հրաժարական տալ՝ հասարակության զայրույթն ու բռնությունը դադարեցնելու նպատակով, սակայն ցուցարարները հայտարարում են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»։

Աբդուլ Մահդիի պաշտոնաթողության վերաբերյալ հայտարարության մասին հայտնի է դարձել Իրաքի շիա մահմեդականների շրջանում ամենահայտնի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի աս-Սիսթանիի ուրբաթօրյա աղոթքից հետո, գրում է աղբյուրը և հավելում, որ չորեքշաբթի Իրաքի ազդեցիկ շիա հոգևորականության նստավայր Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզումը միայն խորացրել է երկրում տիրող ճգնաժամը։

Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերին։ Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ