Աշխարհ

Ադրբեջան կատարած այցից հետո ԵՄ որոշ խորհրդարանականներ դադարել են քննադատել Ալիևի ռեժիմը. Blankspot

2022 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգին Էրօղլուն և Ֆրանկ Բոգովիչը կողմ էին քվեարկել հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևին։ Սակայն Ադրբեջան այցելելուց հետո նրանց քննադատությունը փոխարինվեց դիկտատուրայի գովեստով՝ գրել է Blankspot լրագրողական հարթակը։

Թեև այցի համար վճարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդարանականները այդպես էլ չեն հայտարարագրել թափանցիկության մասին հաշվետվությունը։

Օրենսդրության համաձայն՝ արգելվում է 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ընդունել, իսկ եթե կոնկրետ ուղևորության շրջանակներում անհրաժեշտ է դա անել, ապա նվերը պետք է հայտարարագրվի։ Ո՛չ Բոգովիչը, ոչ էլ Էրօղլուն չեն տեղեկացրել ո՛չ ուղևորության, ոչ էլ 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ստանալու մասին:

«Հատկանշական է, որ Բաքվում պատգամավորները հանգրվանել են Marriott հյուրանոցում, ինչի համար վճարել են Ադրբեջանի իշխանությունները։ Հյուրանոցը պատկանում է Ալիևի Pasha Holding Group ընկերությանը։ Այն, որ ուղևորության ընթացքում ամեն ինչ, բացի ինքնաթիռի տոմսերից, վճարվել է ադրբեջանական բռնապետության կողմից, խորհրդարանականներին չի խանգարել, քանի նրանց դեռ չեն սկսել անհարմար հարցեր տալ»,- գրել է պարբերականը։

Պատվիրակության այցի հիմնական նպատակը Ադրբեջանի այսպես կոչված, «խելացի գյուղեր» այցելելն էր այն տարածքներում, որոնք Բաքուն զավթել է Լեռնային Ղարաբաղից 2020 թ. պատերազմի ժամանակ:

Վերադառնալով տուն՝ Ֆրանկ Բոգովիչն իր բլոգում երկար ու դրական գրառում է հրապարակել այդ «խելացի գյուղերի» մասին։ Ուղևորությունից երկու ամիս անց՝ նոյեմբերի 19-ին, Էնգին Էրօղլուն, իր հերթին, Facebook-ի իր էջում հրապարակում է կատարել՝ ընդգծելով, թե Ադրբեջանը լավ գործընկեր է գազի ներկրման հարցում՝ հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանը էներգետիկ պատերազմ է սկսել Եվրոպայի դեմ»: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանում գազի արդյունահանման 20 տոկոսը և այնտեղից դեպի ԵՄ անցնող գազատարների զգալի մասը պատկանում է ռուսական «Լուկօիլ» ընկերությանը, իսկ Ադրբեջանը, հնարավոր է, Ռուսաստանից գազ է ներկրում, որպեսզի կատարի ԵՄ արտահանման խոստումները»,- եզրակացրել է Blankspot-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ