fbpx
Հասարակություն

Դարբինյանը ամենասթափ գործիչներից էր և հասկանում էր ռուսական քաղաքականության էությունը

Նկարում պատկերված է մեր Առաջին Հանրապետության գործիչներից Ռուբեն Դարբինյանը: Նա ժամանակի ամենասթափ գործիչներից էր և հասկանում էր ռուսական քաղաքականության էությունը: Պատահական չէ, որ նա հեղինակեց «Ռուսական վտանգը» կոչվող փայլուն աշխատությունը, որը արդիական է նաև մեր օրերում: Ահա որոշ հատվածներ այդ աշխատությունից:

…Ռուսը, ինչ դրոշակով ու նշանաբանով էլ նա հրապարակ գա, աշխարհակալ է պատմականորեն. ամեն մի ռուս իշխանության մեջ, որքան էլ նա սոցիալիստական գունավորում ունենա, անխուսափելի կերպով պիտի երևան գան ռուս ժողովրդի ազգային ձգտումները, որոնք աշխարհակալական են անպայման:
Այս է այն հրահանգը, որ տալիս է մեզ ռուս ժողովրդի պատմությունը, ռուս կուսակցությունների գործունեությունը, ռուս պետության շահը և ռուս հեղափոխության վախճանական ընթացքը: Այս է քաղաքական այն ռեալ տեսակետը, որով մենք պետք է ղեկավարվենք ճշտելու համար մեր դիրքը հանդեպ Ռուսաստանի, ռուս ժողովրդի և ռուս այլևայլ կուսակցությունների:
Ռուսական քաղաքականությունը, լինի դա ցարական, էսէրական թե բոլշևիկյան, միշտ եղել է նենգ ու երկդիմի՝ մանր ազգերի նկատմամբ: Նենգ ու երկդիմի է եղել նա միշտ և է այսօր նաև՝ հայ ազգի վերաբերմամբ:
Այս մասին է, որ այսուհետև չպետք է լինի այլևս ոչ մի տարակույս:

…Ռուսը մնացել է իրոք նույն ռուսը, իր աշխարհակալ ձգտումներով, իր ազգամերժ մտայնությամբ, իր օտարակեր տրամադրություններով:
Նա շարունակում է նայել մեզ վրա, որպես իր երեկվա ստրուկի վրա, որը հանդգնել է ապստամբել նրա դեմ և որին պետք է ենթարկել նախկին լծին:
Իսկ մե՞նք…
Մի՞թե նույնն ենք: Մենք, որ երեկ դառնությամբ էինք բաժանվում մեր ստրկական վիճակից և քաղցրությամբ երազում հյուսիսային օտարների լծի մասին, այսօր զգում ենք մեզ ազատ ու անկախ և ունենք ազատ ու անկախ լինելու կուռ գիտակցությունն ու կամքը:
Այսօր մենք գտել են մեզ, ճանաչում ենք մեր ուժը և հպարտ ենք մեր ուժով, որովհետև նա է մեր միակ փրկությունը:
Այսօր մենք կարիք չունենք այլևս Հյուսիսից օգնություն սպասելու:
Այսօր մենք, ընդհակառակը, կարիք ունենք, որ Հյուսիսը մեզ հանգիստ թողնի, մեզանից հեռու մնա:
Այսօր մենք վախենում ենք Հյուսիսից, որովհետև մենք անկախ են և շատ թերահավատ, կասկածամիտ դեպի ամեն մի ուժ՝ որ գալիս է մեր դռները բախելու: Ավելի ևս դեպի մի ուժ, որ երեկ մեր տերն էր և որ այսօր էլ չի հրաժարվել տակավին իր՝ տիրոջական հավակնություններից: Այդպիսի հարևանի առաջ մեր դռները պիտի պինդ փակենք և միշտ արթուն մնանք ոտքից մինչև գլուխ սպառազինված, որպեսզի հանկարծակիի չգանք:

…Եվ այսպես, երբ Ռուսաստանը այժմ նորից է բախում մեր դռները և հանցավոր միջոցներով նորից է ճգնում զոհաբերել մեր ժողովրդին իր աշխարհակալ նպատակներին, մեր շարքերում կան մարդիկ, որոնք կարծեք ինչ որ տատանումների են ենթակա:

Եվ այդպես է ոչ թե այն պատճառով, որ մենք բավականաչափ ռազմական ուժ չունենք պատվով դիմագրավելու համար ռուսական վտանգը (որովհետև այդ վտանգը ռազմական տեսակետով շատ չնչին է և Ռուսաստանի ներկա միջազգային և ներքին վիճակում չի կարող չնչին չլինել), այլ այն պատճառով, որ ռուսական վտանգը մեզ համար գերազանցապես հոգեբական բնույթ ունի: Նա ոչ թե սահմանների վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում:

Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջն է և մեր հոգու ներսից և կարծես ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունը և անկախությունը:Եվ նկատի ունենալ

ով այն, որ մեր ազգային ինքնիշխան և ազատ գոյության համար ներկա պայմաններում չկա ավելի վտանգավոր թշնամի, քան ռուսն է, մենք պարտավոր ենք հավաքել, լարել մեր բոլոր ուժերը կռվելու համար ռուսական ճակատի վրա: Մենք պիտի անողոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմանների վրա, այլ մեր հոգու մեջ այն բոլոր ռուսական տարրերի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մենք պիտի մաքրենք մեր հոգին ռուսական ազդեցությունից, գաղափարներից, մղումներից, տրամադրություններից, պատրանքներից, հիվանդություններից:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2474785052570754&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ