fbpx
Քաղաքականություն

Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած փորձերը. «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուակցությունը հայտարարություն է տարածել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերի վերաբերյալ, որում ասված է.

«Խիստ մտահոգիչ են խորհրդային բռնապետության ոճով և նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձևով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը:

Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձևով՝ իբրև թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով:

Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի և կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական և, հնարավոր է՝ նաև իրավական ազդեցության միջոցներով:

Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը և համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին և Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետև ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը և չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ