Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին պատգամավոր և կանանց իրավունքների համար պայքարող ականավոր գործիչ Ֆաեզեհ Հաշեմի Ռաֆսանջանին հունվարի 9-ին դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ հակակառավարական գործողությունների կոչերի համար, հայտնել է նրա փաստաբան Նիդա Շամսը: Փաստաբանի խոսքով՝ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և բանտարկվել Էվինի բանտում։
«Իմ պաշտպանյալն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ բնակիչներին ցույցերի հրահրելու համար: Մենք աշխատում ենք բողոքարկել այս վճիռն օրենքով սահմանված ժամկետում», – հայտնել է Շամսը Fars Haber լրատվական հարթակին։
Իրանական արդարադատությունը նաև 60-ամյա ակտիվիստուհուն մեղադրել է երկրի անվտանգության դեմ դավադրության և կառավարման գոյություն ունեցող համակարգի դեմ քարոզչության մեջ։
Հաշեմի Ռաֆսանջանին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է անօրինական հավաքների մասնակցելու համար։ 2009 թվականին նրան հինգ տարով արգելվել Է զբաղվել քաղաքական և մշակութային-լուսավորչական գործունեությամբ: 2011 թվականին ակտիվիստուհին բանտում է հայտնվել բարեփոխումների շարժման առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի հանրահավաքում աջակցող ելույթ ունենալու համար։ 2017 թվականին նա կրկին դատապարտվել է վեց ամսվա բանտարկության՝ Իրանի պետական գործիչներին վարկաբեկող տվյալների հրապարակման համար։
Մարտին ակտիվիստուհու դեմ կայացվել Է 15 ամսվա ազատազրկման դատավճիռ։ Որպես լրացուցիչ պատիժ՝ նախկին պատգամավորին երկու տարով արգելել են որևիցե գործունեություն ծավալել սոցիալական ցանցերում։
Նոյեմբերի 28-ին Իրանի իշխանությունները ձերբակալել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհուն՝ Ֆարիդե Մուրադխանիին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մուրադխանին օտարերկրյա կառավարություններին կոչ է արել խզել կապերը Թեհրանի հետ:
