Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն է․ Զուրաբիշվիլի

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն է․ Զուրաբիշվիլի

Դատապարտյալներին ներում շնորհելը իմ օրինական իրավունքն է, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հրաժարվելով Ֆրանսիայից մեկնաբանել իր ընդունած վերջին որոշումը: Այս մասին հաղորդել է Sputnik-ը:

Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին 34 կալանավորի ներում էր շնորհել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Մարիամոբայի կապակցությամբ: Նրանց թվում հայտնվել է նաև Ռամազ Դևաձեն, որը դատապարտվել էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար:

Դա հարուցել է ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքը. սոցցանցերում չի դադարում թեմայի քննարկումը:

«…Եթե հարկավոր է ինչ-որ ավելի հանգամանալի հայտարարություն անել, ես կարծում եմ, որ դա պետք է անել Թբիլիսիում»,- ասել է Զուրաբիշվիլին Imedi հեռուստաընկերությանը:

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել այն բանի պատճառով, որ Եվրոպա իր այցի ժամանակ, որտեղ քննարկվում են երկրի համար կարևոր հարցեր, փորձ է արվում ուշադրությունը շեղել այլ հարցի վրա:

«Գոնե ևս երկու օր ինձ սպասեիք Թբիլիսիում և պատասխաններն ստանայիք Թբիլիսիում: Այսօր կարևորն այն է, թե ինչ է տեղի ունենում այստեղ և եկեք խոսենք այդ մասին»,-նշել է Զուրաբիշվիլին: 22-ամյա ոստիկան Թարաշ Մուքբանյանի սպանությունը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում:

Հետաքննության տվյալներով՝ նրա և Դևաձեի միջև, որը եղել է ոչ սթափ վիճակում, տեղի է ունեցել խոսքակռիվ, որի ընթացքում Դևաձեն ոստիկանից խլել է ծառայողական զենքը և կրակել նրա գլխին: Մուքբանյան տեղում մահացել է:

2015 թվականի սեպտեմբերին Դևաձեն դատապարտվել է 12 տարվա բանտարկության: Նա ազատ է արձակվել մի քանի օր առաջ: Նախագահին դատապարտել է նաև Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլին: «Ինձ համար անընդունելի է այս դեպքը՝ ներում շնորհել ոստիկանին սպանելու համար դատապարտվածին, որը չի կրել իր պատժաժամկետի նույնիսկ կեսը»,-ասել է Օհանաշվիլին։

Հրապարակող՝

Ամենաթարմ