Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը պնդում է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց դատախազը։
Նա առարկեց պաշտպանական կողմի՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ մասնագիտական հարցերի կարող է պատասխանել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննությունը։
Այսպիսով դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։