fbpx
Իրավական

Դատարանը քննում է ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին կալանավորելու` ՀՔԾ-ի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, արդեն մի քանի ժամ է՝ քննում է ՄԱՊ-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Իրավապահ համակարգի «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ քրեական գործն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին:

Ալեքսան Պետրոսյանը գործի շրջանակներում ձերբակալված է եղել, սակայն այս պահին ազատության մեջ է: Դատավոր Արտակ Թադևոսյանն այսօր գիշերը քննել է նրա ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բողոքն ու ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել:

Ձերբակալված է եղել նաև Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն այս պահին նա ազատության մեջ է, գտնվում է դատարանի դիմաց:

Վերջինս մեր հարցին ի պատասխան չհայտնեց, թե ինչպե՞ս է հայտնվել ազատության մեջ, արդյոք դատարանում քննվե՞լ է իր ձերբակալման դեմ բողոք: Պետրոսյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում մեկնաբանություն տալ, անհրաժեշտության դեպքում իրենք հանդես կգան հայտարարությամբ: Ալեքսան Պետրոսյանը նույնպես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի և որդու գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս:

Գրում է Hetq.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ