fbpx
Իրավական
15:13 16/01/2020

Դատախազությունը բողոքարկել է Ալիկ Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Ալիկ Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ալեքսան Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 10-ին: Որոշումը կայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նախկին պատգամավորի խափանման միջոցի հարցով դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել նախնական դատական նիստի ժամանակ նրա կալանավորման հիմնավորվածության հարցը քննարկելուց հետո:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նշել էր, որ Ալեքսան Պետրոսյանի կալանավորման հիմքերը, այդ թվում՝ գործի ճշմարտացի բացահայտման և օբյեկտիվ քննության վրա ազդեցության հնարավոր ռիսկը պահպանվել են: Մեղադրողի դեմ առարկել էր պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ասելով, որ քրեական գործով հիմնավոր կասկածը բացակայում է, և չկա որևէ վկա, ում վրա իրենք կարող են ազդեցություն գործադրել:

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր և որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:

Աղբյուրը՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ