fbpx
Իրավական

Դատարանում հրապարակվել է Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունը

Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվում են գործում առկա ապացույցները:  2019թ.-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի այսպիսի նամակ է հղել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դեռ չկասեցված պետ Դավիթ Սանասարյանին:

«Դավ, քո աշխատողներն ի՞նչ լիազորություններով են տենդերի բնութագիրը փոխել… ես չեմ իմացել, որ ձերոնք փոխել են, այլապես չէի թույլատրի, որ դա տեղի ունենա: Այսուհետև հենց տենց է լինելու մեր ենթակայության կամ առողջապահական որևէ հիմնարկում, եթե փորձ արվի միջամտել դրա ներքին գործերին»։

Հիշեցնենք, որ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Նամակագրությունում Արսեն Թորոսյանը նկատի է ունեցել հեմոդիալիզի սարքերի գնման չափանիշների փոփոխությունը: Դավիթ Սանասարյանը պատասխան նամակում գրել է. «Արս, հեմոդիալիզի ոլորտը մինչև հիմա եղել է մոնոպոլիզացված, ու ոչ մեկ չի կարողացել մուտք գործել: Մեր կողմից հունվարին նախարարություն աշխատակազմի ղեկավարին ուղարկվեց հեմոդիալիզի շուկայի վերլուծության արդյունքների գրությունը: Առ այսօր արձագանք չի եղել: Մեր կողմից ընդամենը առաջադրվել է, որ տեխնիկական բնութագրերը կազմելիս հաշվի առնվի նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է և մրցակցություն ապահովող: Մեր վերլուծության արդյունքներով՝ շուտով երկու ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են դատախազություն: Նախնական հաշվարկներով՝ չարաշահումները գերազանցել են մեկ միլիոն դոլարը: Հիմա էլ մրցույթները խտրական են կազմակերպվում, օրինակ՝ «Վանաձոր» ԲԿ-ի նոր հայտարարած մրցույթը»: Ապա Սանասարյանը նախարարին առաջարկել է հանդիպել և գործի մանրամասներին ծանոթանալ. «Սա առաջին խտրական մրցույթը չէ, և հետո պայմաններ են ստեղծվելու՝ գումարներ տնտեսելու համար: Ինձ հետաքրքրում էր, թե նախարարությունն ի՞նչ է ձեռնարկել՝ սա պարզելու համար: Մի օրինակ էլ բերեմ: Դիալիզի պարագաները վաճառվում են մաքսային արժեքից մինչեւ 3,8 անգամ թանկ գներով: Դու իմ ընկերն ես, բայց չեմ կարող պարտականություններս չանել: Եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացքը տալու ենք»:

«Ըստ էության, Արսեն Թորոսյանը նշում է, որ ձեր աշխատողները միտումնավոր են տենդերների տեխնիկական բնութագրերը փոխում, որպեսզի հետո իրենց ֆիրմաները հաղթեն տենդերները: Դա էլ նկարագրված է մեղադրանքներում»,- գործով մեղադրող դատախազը նամակագրության վերաբերյալ հետեւյալ արձանագրությունն է արել։

Արսեն Թորոսյանը պատասխանել է. «Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ հիվանդի կյանքի հետ գործ ունես: Ինձ համար մի քանի միլիոն դոլարն էական չի, մարդու կյանքն է հարցը: Էական չէ նաև այդ գնումների ախմախ օրենքը… «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել էս բիզնեսով, տենդեր կրի… «Զորաշեն»-ն ամենայն հավանականությամբ կընկնի սև ցուցակ, եթե անորակ ապրանք բերի: Հաջորդը՝ իմ նախարարությունն այնքան բան է անում դիալիզի շուկայում, որ ոչ մեկ մինչև օրս չի արել՝ սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որպեսզի մարդկանց երիկամները «փոխենք», որ դիալիզի կարիք չունենան, վերջացրած Երևանում և մարզերում դիալիզի նոր կենտրոնների բացմամբ, որպեսզի պահանջարկը բավարարենք: Բայց ոչ երբեք որակի հաշվին»: Դավիթ Սանասարյանը պատասխանել է. «Արս ջան, չգիտեմ, թե «Զորաշենն» ինչ կազմակերպություն է, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում: Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չի ասածդ, որ որակի խնդիր կա: Իրականում երկու կլանի մենաշնորհ կա: Մեկը «Դոն Պիպո»-ն է, մյուսն էլ Սամվել Ալեքսանյանը: Օրինականությունն, ամեն դեպքում, պետք է պահվի, ցավդ տանեմ»: Արսեն Թորոսյանը պատասխանում է. «Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ապրանքն են բերում՝ 50-100 հազար դոլարանոց սարքերը նվեր տալով»: Դավիթ Սանասարյանը պատասխանում է. «Բայց էն մյուսն էլ աշխարհում տասը տոկոսի ծածկ ունի, նենց չի, որ վատն ա… բեր նստենք խոսանք իրար հետ…»: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով վկաների թվում է: Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը, նկատի ունենալով այս նամակագրությունը, համոզմունք հայտնեց, որ Սանասարյանը պետական շահով է ղեկավարվել և դրա հիման վրա իր փաստարկները կառուցել. «Իսկ երբ Արսեն Թորոսյանը տալիս է «Զորաշեն»-ի անունը, Սանասարյանը հստակ պատասխանում է՝ չգիտի, թե դա ինչ կազմակերպություն է»: Հավելենք, որ գործում առկա փաստաթղթերից մեկի համաձայն, որը ևս ընթերցվեց այսօրվա նիստում, Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված Դավիթ Ադյանը գրությամբ դիմել է ԱԱԾ համապատասխան դեպարտամենտի քննիչին և խնդրել կրկին իրեն ընդունել առանձնազրույցի՝ առանց իր պաշտպանի ներկայության: Մեկ այլ գրությամբ, նույն Ադյանը պատրաստակամություն է հայտնում ներկայացնելու Սանասարյանի առնչությունն այս գործին. «Ցանկանում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շուրջ տալ խոստովանական ցուցմունք և անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ ղեկավարի մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»:

Աղբյուրը՝ aravot.am.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ