fbpx
Իրավական

Սանասարյանը հերքում է կաշառք վերցնելու տեսանյութի առկայության փաստը

«Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կկտրեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երբ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից: Նրա սեղանին դրվել է նաև տեսանյութ, որում հստակ երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:

Նշենք նաև, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասին, որ նա, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով, իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ հրապարակումները վերը նշված տեսանյութի առկայության մասին հակահեղափոխական հենք ունեցող տեղեկատվություն են:

«Կա ինձ վստահողների մի մեծ բանակ, որոնք որևիցե ձևով չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ, ոմանց տարբեր մասերը մրմուռներ է գալիս դրանից: Ես անձամբ սովոր եմ այդ վիճակներին և ներողամտությամբ եմ վերաբերվում: Նման տեսանյութ չկա և չի կարող լինի»,- ասաց Սանասարյանը:

Նրա խոսքով՝ իրենց նպատակը եղել է միայն ու միայն բժշկական կենտրոնների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման հարցը: Դատախազը հիմնականում մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որ իրենք են տվել: Դավիթ Սանասարյանը նաև հայտարարեց, որ հեմոդիալիզի պարագաների հետ կապված մաֆիա գոյություն ունի:

«Մենք ասում էինք, որ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտումով է անցկացվել այդ պարագաների գնման մրցույթը, պետությանը երկու անգամ թանկ են վաճառում: Մենք ասել ենք, որ եթե լինի մրցակցություն, այլ մասնակիցներ կմասնակցեն, և պետությունը ավելի քիչ կվճարի: Որևէ վայրկյան չեմ կասկածում, որ գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը: Իրավական դաշտը մաքրելու պայքար է սկսվելու նոր Հայաստանում: Քաղաքացիներն էլ են տեսնում, որ այստեղ խնդիր կա»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ