Հունվարի 30-ին՝ ժամը 20:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Աղաբաբյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում «Mercedes C240» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes C140» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1980 թ.) ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:16-ին: Ամբողջությամբ այրվել են «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:
«Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի ամբողջական պարպվելը: