fbpx
Սպորտ

Դել Բոսկեն Երևանում է․ նա եկել է իր փորձը փոխանցելու

Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն դարձած, 68-ամյա հռչակավոր մասնագետ Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է:

Իսպանացին Երևանում գեղատեսիլ վայրեր այցելելու կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար չի եկել. ասում է՝ դրա ժամանակը չկա.

«Մեր ընկերներից մեկն աշխատում է մանկապատանեկան տարիքի հավաքականներից մեկի հետ, իսկ մյուսը՝ Հայաստանի ազգային հավաքականում: Նրանք շատ լավ բաներ են պատմել Հայաստանի մասին: Միանգամից եկել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, այնուհետև ֆուտբոլի ակադեմիա: Այլ վայրեր այցելելու ծրագրեր չկան:

Կարևոր էր այս սեմինարն անցկացնել հենց ֆուտբոլի ակադեմիայում: Մենք շատ մեծ փորձ ունենք ու հիմա դա ցանկանում ենք փոխանցել մարզիչներին: Գիտենք, ինչ խնդիրներ կարող են ծագել թիմերում, ինչպես աշխատել բարդ պահերին ու հիմա մեր գիտելիքներով փորձում ենք օգտակար լինել հայ մարզիչներին:

Մարզիչների աշխատանքը շատ բաների հետ է կապված: Նրանք պետք է շրջապատված լինեն լավ մասնագետներով՝ ֆիզիկական պատրաստության և այլ բնագավառների մարզիչներով: Օրինակ Իսպանիայում շատ է լինում, որ ֆուտբոլիստները կամ մարզիչները մեկնում են արտասահման՝ փորձ հավաքելու: Հիմա դա լինում է Հայաստանում, ինչը շատ լավ է»։

Դել Բոսկեն անկեղծ է: Նա չի դիտել Հայաստանի ազգային հավաքականի վերջին երկու խաղերը (Հայաստան-Լիխտենշտեյն՝ 3-0, Հունաստան-Հայաստան՝ 2-3) սակայն վստահ է, որ այս հաղթանակները մեր ազգային թիմի համար շատ կարևոր են.

«Առաջին հերթին պետք է շնորհավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին երկու հաղթանակի կապակցությամբ: Դա Հայաստանի ընտրանուն մոտեցրեց Եվրոպայի առաջնությանը խաղալու երազանքին: Ֆուտբոլը զարգացնելու ու արդյունք ունենալու համար պետք է սկսել ու աշխատել մանկապատանեկան տարիքի խաղացողների հետ:

Մենք չենք կարողացել դիտել Հայաստանի հավաքականի հանդիպումները: Ուշադիր ենք եղել հաշիվներին: Այս երկու հաղթանակները շատ բան կարող են տալ թիմին: Սեպտեմբերին երկու կարևոր հանդիպում կա ու ամբողջ ազգը կսպասի, որպեսզի այնտեղ նույնպես հաղթեք: Վերջին երկու հաղթանակները հանգստացրին բոլորին, ինչև կարևոր է: Հիմա արդեն, պետք է լավ արդյունք պահանջել առաջիկա խաղերում»

Մարզիչը վստահ է, որ առանց ուժեղ առաջնության, ուժեղ հավաքական կառուցելը բարդ գործ է.
«Ուժեղ առաջնություն ունենալը շատ կարևոր է հավաքականի համար: Իսպանիայի առաջնության մակարդակը շատ բարձր է: Վերջին տարիներին միշտ իսպանական թիմերն էին հասնում եզրափակիչ ու հաղթում էին: Այս տարի չստացվեց, բայց դա գրանցած տվյալները չի փոխում: «Ռեալը», «Բարսելոնան», «Սևիլիան», «Աթլետիկոն» լուրջ հաջողություններ են գրանցել, ինչը մեծ օգուտ է տվել Իսպանիայի հավաքականին:

Շատ կարևոր է նաև դրսում ֆուտբոլիստների խաղալը: Տարիներ առաջ «Լիվերպուլում» ունեինք ֆուտբոլիստներ, որոնք հավաքականի «կորիզն» էին, նաև «Բարսելոնայում» խաղում էին հավաքականի 7-8 ֆուտբոլիստ: Դա օգուտ է տալիս ազգային թիմին. Երբ հավաքականում մեկ թիմի ֆուտբոլիստների քանակը շատ է լինում, ապա դա խաղացվածության առումով իր օգուտը տալիս է»:

Վիսենտե դել Բոսկեն չէր կարող շրջացնել իր հարազատ ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» մասին խոսելու թեման.
« Ինչ վերաբերվում է «Ռեալին», ապա նրանք շատ հզոր կազմ ունեն: Անհատապես բոլոր ֆուտբոլիստները շատ լավն են: Հիմա նոր ֆուտբոլիստներ են միացել թիմին: Տեսնենք, ինչպես կստացվի:

Մասնագետի հետ աշխատած մի շարք ֆուտբոլիստներ այժմ մարզչի արտոնագիր ունեն: Դել Բոսկեն, սակայն, չի շտապում հետևություններ անել և գնահատել նրանց աշխատանքը որպես մարզիչ

«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Հիմա շատ դժվար է ասել, թե որ ֆուտբոլիստը կհասնի հաջողության որպես մարզիչ: Ամեն դեպքում, կարևոր է ոչ միայն ֆուտբոլիստի հատկությունները, այլ նաև մարզչական ունակությունները:

Դե իսկ վերջում իսպանացին իր կարծիքը հայտնեց նաև VAR համակարգի մասին

Իհարկե, VAR-ը կա, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են ու պետք է առաջ շարժվել: Հույս ունենանք, որ ապագայում կլինի նոր համակարգ, որն ավելի արագ կգրանցի ամեն ինչ»

Լրագրողների հետ հանդիպումից հետո Վիսենտե դել Բոսկեն իր համեստ ժպիտով շնորհակալություն հայտնեց բոլորին ու կրկին շտապեց մարզիչների մոտ՝ սկսած աշխատանքը շարունակելու…

Այս մասին գրում է Armsport-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ