Հասարակություն

Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ 4 անձ ձերբակալվել է

25.08.2022 թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը:

Ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման մասին վկայող փաստերի հիման վրա 25.08.2022 թ. քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոդված 357, Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշումներն ուղարկվել են քննիչին, և հանձնարարություն է տրվել օրենքով սահմանված ժամկետում նշված անձանց մեղադրանք ներկայացնել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Բացի դրանից՝ քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առկա փաստերը վկայում են ևս երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոդված 165, Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, ուստի քննիչին հանձնարարվել է քրեական վարույթ նախաձեռնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով և ձեռնմուխ լինել դրանում մեղավոր անձանց քրեական հետապնդում հարուցելուն ուղղված վարութային գործողություններ կատարելուն:

Նույն օրը քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են: Արդեն 26.08.2022 թ. չորս անձ ձերբակալվել է. երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նախաքննության մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ