fbpx
Խորհրդարան

Դեղին մամուլի բերանը փակելով՝ ցանկանում եմ, որ թացը չորի հետ չխառնվի. Հայկ Սարգսյան

Հուլիսի 9-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ Newspress.am կայքի, «Հրապարակ» օրաթերթի, «Իրավունք» թերթին, Antifake.am կայքի դեմ դատական հայց է ներկայացրել վեց հոդվածների համար՝ պահանջելով զրպարտության համար փոխհատուցում:

«Մինչ այս մտածել եմ, որ սա ուղղորդված չէ ու ժամանակի հետ կանցնի, չեմ ուզել կրքերը թեժացնելու համար դիմել դատարան, բայց հիմա այլ տարբերակ չկա, դրա համար էլ դիմել եմ», – ասաց նա:

Հայկ Սարգսյանը հերթով ներկայացրեց, թե որ լրատվամիջոցին որ հրապարակման համար է դիմել դատարան:

«Առաջինը՝ Newspress.am կայքի «Թե ո՞վ է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի՞ համար» հոդվածն է, որում պնդվում է, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար Սարգսյանը ընկերության ղեկավարի կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել: Երկրորդը՝ նույն կայքի «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է:

Երրորդ և չորրորդ հրապարակումները «Հրապարակ» օրաթերթի հոդվածների դեմ են՝ «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել» խորագրով հոդվածի և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար: Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» անվանում «ախռանիկ», «շիշ բռնող»: Հինգերորդ հրապարակումն «Իրավունք» թերթի «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով» հոդվածն է»,- ասաց նա և հավելեց, որ դա կարող է հերքել նաև Դավիթ Սանասարյանը:

Պատգամավորը նշեց, որ այն լրատվամիջոցները, որոնց դեմ դատական հայց է ներկայացրել, ասում են՝ Հայկ Սարգսյանը սրանով նպատակ ունի «փակել» մամուլի բերանը և չթողնել, որ ազատ մամուլ լինի Հայաստանում: «Ես և մեր խմբակցությունը որևէ խնդիր չի տեսնում և ցանկանում է օգնել ազատ մամուլին: Դեղին մամուլի բերանը փակելով՝ ցանկանում եմ, որ թացը չորի հետ չխառնվի, որ հասարակությունը կարողանա տարբերել, որոնք են նորմալ լրատվամիջոցները և որոնք են զրպարտություն տարածող ԶԼՄ-ները»,- ասաց նա:

Սարգսյանը չհամաձայնեց կարծիքի հետո, որ այս ասուլիսը կարող է ճնշում լինել դատարանի վրա: «Ես ներկայացնում եմ իմ տեսակետը, լրատվամիջոցներն էլ թող ներկայացնեն իրենցը և հանրությունը որոշի՝ ով է ճիշտ: Ի՞նչ է նշանակում ճնշում դատարանի վրա, եթե ես ասում եմ՝ հարգելի դատավոր, ինձ զրպարտում են, ասում են՝ «ախրանիկ պատգամավոր», խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, դա համարո՞ւմ եք ճնշում»,- ասաց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, որ շիշ բռնելով է հայտնի դարձել, ասաց. «Ես շշով չեմ հայտնի դարձել, ես իմ կատարած աշխատանքով եմ հայտնի դարձել: Ես նաև կարճաթև մայկա եմ հագել, ինչո՞ւ չեն ասում կարճաթև մայկա հագնող: Ես վատ եմ զգում, որ ինձ այդպես են ներկայացնում»:

Անդրադառնալով նախագահականում «աղջիկների հետ էքսկուրսիային», Սարգսյանն ասաց, որ այդ հրապարակման համար նույնպես կդիմի դատարան, քանի որ, ըստ նրա, դա էլ է զրպարտություն: Նա պատմեց, որ ամիսներ առաջ Politik.am կայքի խմբագիրն է իրեն ասել, որ նման վիդեոներ ունի և կհրապարակի, առաջարկել է հանդիպեն, բայց նա չի համաձայնել, ասել է՝ նման բան չկա, ու թող հրապարակի: Նա հավելեց, որ հավանաբար հենց Politik.am-ի խմբագիրն է այդ նյութերը տրամադրել Hraparak.am-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ