Քաղաքականություն

Դիմում եմ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությանը և գործադիր իշխանությանը․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հաշվի առնելով, որ թուղթը խայտառակ է, ու տարածք հանձնելը աղետ, դիմում եմ ԱԺ Իմ Քայլը խմբակցությանը և գործադիր իշխանությանը.

1. Հրատապ կազմեք և հրապարակեք տեղահանվածների՝ Հայաստան տեղափոխվածների և Արցախում մնացողների կենսական, սոցիալական, կրթական, աշխատանքային և այլ կարիքների բավարարման պլան, ծրագիր, հրապարակեք հրապարակելիք մասը, և գործ արեք: Մի ասեք, թե՝ անում ենք, պատմելու չէ, արեք և վերջ: Հավանաբար անում եք, բայց հրապարակային մասն էլ ապահովեք:

2. Էդ թղթի մեկնաբանությունները տվեք, բան հասկանանք բոլորս: Ասեք հանրության յուրաքանչյուր խմբի անելիքը, որպեսզի միացյալ հաղթահարենք աղետը:

3. Անհապաղ սկսեք հանդիպումներ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր հնարավոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, խորհրդակցեք, քննարկեք դրությունն ու ելքերը: Մշակույթի և հասարակական գործիչներն էլ կարող են օգտակար լինել խորհրդակցելու և քննարկելու համար: Մի փակվեք, խռոված ու մեծամիտ մի պահեք ձեզ, դուք խռովելու իրավունք չունեք: Թե առաջ օրական 15 ժամ աշխատելու փոխարեն աշխատում էիք օրը 5-8 ժամ, իսկ հատուկենտները՝ օրական 12-14 ժամ, հիմա օրական 15-17 ժամ է պետք աշխատել, կերեք ոտի վրա, քնեք աշխատասենյակներում, ավտոների մեջ, տնեցիքին մի տեսեք շաբաթներով, կդիմանան, վերհիշեք, որ դուք եք կամեցել լինել իշխանություն հեղափոխությունից հետո, ձեզ չեն ստիպել, գուցե 2 տարի առաջ լավ չեք պատկերացրել լծի ու ժառանգության ծանրությունը, հիմա պիտի որ հասկացած լինեք: Ոչ մի չափազանցություն չկա ասածիս մեջ:

4. Մի օր էս մղձավանջը հանդարտվելու է և քաղաքական պատասխանատվության ժամն է գալու՝ հրաժարականներ և նոր ընտրություններ: Ձեր դերը, բացի վերը բերվածը, պատշաճ ընտրություններ ապահովելն է, դրա համար (1) վերջապես լրամշակեք ու ընդունեք Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքները, ինչպես նաև՝ (2) բուն ընտրության գործընթացի օրինականությունը ապահովելը:

5. Թե այսքանն անելու հետ կարողացաք հանրային մտքի համախմբմամբ նաև երկրի ճգնաժամային կառավարման, ինքնաբավության և զարգացման ծրագրերի մշակումն ու ընդունումն ապահովել, մեծ բան արած կլինեք:

Առաջ գնալ է պետք, ինքնասպան չենք լինելու, դուրս եկեք կոմայից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ