fbpx
Աշխարհ

Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհը։

Ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում Ամերիկայի ու հայ ժողովրդի ուժեղ և ամրացող կապին։ Մենք հպարտ ենք 1915թ․Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք որոշիչ մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք օժանդակեցին և կամավորագրվեցին օգնելու իրենց տներից տեղահանված հայերին,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:

Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը` ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այսօր մենք հավատում ենք՝ դա մեր պարտականությունն է՝ հիշելու նրանց, ովքեր տառապել են ու զոհվել, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին,-այսպես է ավարտել ԱՄՆ նախագահը իր ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ