fbpx
Իրավական

Դպրոցականներն այցելել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց բացի, նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ:

Հերթական միջոցառումը հոկտեմբերի 7-ին էր: Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր Պուշկինի անվան հիմնական դպրոցի սաներին: Նրանցից շատերն արդեն ինքնուրույն են անցնում փողոցը, վաղը մեքենա են վարելու, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան: Բայց պարզվում է` քչերը գիտեն, թե հետիոտնային անցումներից ինչպես է պետք օգտվել, լուսացույցի որ լույսը կամ երթևեկության որ նշանն ինչ նշանակություն ունի:

Միջոցառման սկզբում դպրոցականների հետ զրուցեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա հարցերի միջոցով ստուգեց աշակերտների իմացությունը, բացատրեց, թե որքան կարևոր է երթևեկության կանոններն ու տարբերանշաններն իմանալը, ապա անվտանգության նկատառումներից ելնելով` երեխաներին լուսանդրադարձիչ թևնոցներ նվիրեց:

Անվտանգ երթևեկությանը նվիրված ճանաչողական հանդիպումը շարունակեցին ճանապարհային ոստիկանները: Բացատրեցին` ինչպես պետք է անցնել փողոցը, ճանապարհային որ տարբերանշանն ինչ նշանակություն ունի, խոսեցին անվտանգության անհրաժեշտ կանոնների մասին:

Ամենահետաքրքիրն, ինչ խոսք, Ճանապարհապարեկային մեքենան էր: Դպրոցականները պարզեցին` տեսուչը որ դեպքում ինչպես է օգտվում ռադիոկապից, մեքենան ինչպիսի ձայնազդանշաններ է արձակում: Իսկ մեքենայում նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր…

Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին դպրոցի ուսուցիչները:

Հանդիպման ավարտին ճանապարհային ոստիկանները երեխաներին. «Ես պահպանում եմ երթևեկության կանոնները» վերտառությամբ կրծքանշաններ նվիրեցին:

Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ