fbpx
Հասարակություն
16:00 29/10/2019

Դրոշի միջադեպով աշխատանքից ազատված մաքսային տեսուչն ընդունել է ՊԵԿ-ում աշխատելու առաջարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային ծառայության աշխատակից Հայկ Մարտիրոսյանը սիրով ընդունել է կրկին ՊԵԿ համակարգում աշխատելու առաջարկը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

«Հայկ Մարտիրոսյանը ուրախությամբ ընդունել է կրկին ՊԵԿ-ում աշխատելու առաջարկը և ասել է, որ սիրով կվերադառնա համակարգում աշխատելու: Նա աշխատելու է ներքին անվտանգության վարչությունում՝ որպես մաքսային տեսուչ, ինչպես նախկինում:

Հոկտեմբերի 29-ին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մաքսային ծառայության նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել համակարգում:

2019 թվականի ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում Փաշինյանը հրահանգել էր աշխատանքից ազատել մաքսային մի ծառայող Հայկ Մարտիրոսյանին՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Փաշինյանն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ ապրիլից այս կողմ բազմիցս համոզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը և այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: ՀՀ վարչապետը նաև հավելել էր, որ առաջիկայում պատրաստվում է այդ թեմայով հստակ հանձնարարություններ տալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ