Քաղաքականություն
05:00 04/10/2019

Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. նախագահի շնորհավորանքը

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կատարած արդյունավետ աշխատանքի համար: Հենց վերջինս էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ԵԱՏՄ մեդալ է հանձնել պարգևատրվածներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ