fbpx
Իրավական
14:31 10/02/2020

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ անարգել տեսակցելու ձերբակալված ու կալանավորված անձանց: Օրենքի նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ նմանատիպ օրինագիծ նախկինում ներկայացրել էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը մերժվել էր հանձնաժողովի կողմից:

«Նախագիծը նրանցից է, որ միշտ ընդդիմությունը ներկայացնում է, իսկ իշխանությունը՝ մերժում: Վերջին անգամ այս նախագիծը ներկայացվել է այն ժամանակ պատգամավոր պարոն Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց էլի մերժվել է: Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենսդրությունը նաև պատգամավորներին թույլ է տալիս, որ առանց խոչընդոտի մուտք գործեն պահման վայրեր, բայց իրավական կարգավորումն այնպես է, որ մուտք գործելն անարգել է, բայց պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելքի հանդիպել: Առաջարկում ենք հանել այս արգելքը, բացառությամբ այն դեպքերի, եթե պատգամավորը տվյալ քրեական գործով ներկայացված է որպես մասնակից կամ վկա»,- ասաց Սիմոնյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագծում տեսակցություն բառը չի եղել, քանի որ այն այլ ընթացակարգ է ենթադրում:

2017թ. հոկտեմբերի 18-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանն էր արժանացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ