fbpx
Իրավական

Ձերբակալվել է «օրենքով գող» ու նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից

ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։

Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որտեղ ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:

Ըստ աղբյուրի՝ քննությամբ պարզվել է, որ մասնավոր, այն է՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ:

Նշվում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ