Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ձկան յուղի մշտական օգտագործումը կարող է ավելացնել սրտային հիվանդությունների եւ ինսուլտի հավանականությունը առողջ սիրտ ունեցող մարդկանց մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Medicine ամսագրում։
Սակայն հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ձկան յուղը կարող է օգնել նրանց, որոնց մոտ կան սրտի հետ կապված խնդիրներ՝ դանդաղեցնելով սրտային հիվանդությունների խորացումը եւ նվազեցնելով մահվան հավանականությունը։
Հետազոտողները հայտնաբերել են, որ առողջ մարդկանց մոտ, ովքեր ձկան յուղ են ընդունում, նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման վտանգը 13 տոկոսով ավելի բարձր է եղել. դա սրտի ռիթմի խախտումն է, որն ավելացնում է սրտի նոպայի եւ ինսուլտի հավանականությունը։ Ինչպես ցույց են տալիս արդյունքները, նրանց մոտ նաեւ 5 տոկոսով բարձրացել է ինսուլտի հավանականությունը։
Բայց նրանց մոտ, ովքեր արդեն ունեին սրտային հիվանդություններ, ձկան յուղի մշտական օգտագործումը նվազեցրել է նախասրտերի ֆիբրիլյացիայի պատճառով սրտի նոպայի հավանականությունը 15 տոկոսով, իսկ սրտային անբավարարության հավանականությունը, որը հանգեցնում է մահվան՝ 9 տոկոսով։
«Ձկան յուղի մշտական օգտագործումը կարող է տարբեր կերպ ազդել սիրտ-անոթային հիվանդությունների խորացման վրա»,- եզրակացրել են գիտնականները։