fbpx
Երևան
10:30 28/12/2019

Ձմեռ պապերն ու Ձյունանուշները չեն վարձատրվելու, բայց լուսանկարվելու դիմաց գումար չեն պահանջելու

Երևանի քաղաքապետարանի հայտարարած թեմատիկ կերպարների մրցույթը հաղթահարել են 35 Ձմեռ պապ և 20 Ձյունանուշ: Ստուգատեսի արդյունքներով նրանք հավաստագրեր են ստացել, որոնք նախատեսված են սույն թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ հավաստագրեր ստացած Ձմեռ պապերի ու Ձյունանուշների գործունեության համար հստակ նախատեսված տարածքներ կան, դրանք են՝ Հանրապետության հրապարակը, հարակից հատվածում ստեղծված Սուրբ ծննդյան տոնավաճառն ու Ազատության հրապարակը: Նրանք իրավունք ունեն լինելու միայն այս երեք տարածքներում և ոչ մի դեպքում գումար չպահանջել իրենց հետ լուսանկարվել ցանկացողներից:

Դեկտեմբերի 25-ին կայացած Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն էլ հայտարարել էր, որ եթե քաղաքապետարանի կողմից ընտրված Ձմեռ պապերը, հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջեն, կարող են ձերբակալվել:

Երևևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե նման պարագայում արդյո՞ք նախատեսում են որևէ գումարային փոխհատուցում Ձմեռ պապերի ու Ձյունանուշների համար: Քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չի նախատեսել և չի հատկացրել:

«Քաղաքապետարանը չի վերահսկում երեխաների ծնողների կամ հարազատների և թեմատիկ կերպարների միջև ձեռք բերված մասնավոր պայմանավորվածությունների (օրինակ՝ տնային այցերի) պայմանները»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվականից:

Այսօր Հանրապետության հրապարակում հանդիպել էր կապուտաչյա հաղթանդամ Ձմեռ պապիկի և երբ նրան հարցրել էր, թե լուսանկարվելու համար վճարել հարկավո՞ր է, վերջինս պատասխանել էր. «Ըստ ձեր ցանկության»: Մենք ականատես եղանք, թե ինչպես էին ծնողները լուսանկարում իրենց երեխաներին Ձմեռ պապի հետ և ժպիտով հեռանում:

Ձմեռ պապերի ու Ձյունանուշների, ինչպես նաև մյուս թեմատիկ կերպարների գործունեության վերահսկողությունն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Վերահսկողություն են իրականացնում նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները:

Աղբյուրը՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ