ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին:
«Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։
ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտանգության միջոցառումների առնչությամբ։
Համանախագահները, ափսոսանքով նշելով վերջին զոհերի մասին, կողմերին կոչ են արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղության և բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։
Միջնորդները կողմերին կոչ են արել վերահաստատել հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։
Համանախագահների հետ զրույցում արտգործնախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։
Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ: