fbpx
ՏՏ

EasyPay ընկերությունը ներկայացրել է նույնականացման նոր՝ օնլայն եղանակ

Այս տարի EasyPay ընկերությունը բոլորում է իր գործունեության հինգ տարին: Ընկերությունը ստեղծման առաջին օրվանից փորձել է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները և լուծումները ներդնել վճարահաշվարկային շուկայում՝ հաճախորդների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ իրենց առօրյա վճարումները կատարելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը:

EasyPay-ը գործունեությունը սկսել է 2014 թվականին՝ 100 վճարային տերմինալներով: Այժմ դրանց թիվը հասնում է 1400-ի: Ընկերությունն ամսական իրականացնում է մոտ 4 միլիոնից ավել գործարք: Այժմ արդեն ընկերությունը ներկայացնում է նոր մեթոդ՝ նույնականացման բիոմետրիկ համակարգ: Համակարգը կոչվում ապահովում է արդիական, արագ և հուսալի նույնականացում:

«Այսօր EasyWallet-ի հաճախորդները կարողանում են վճարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, ստեղծել նախընտրելի վճարումների խմբեր և իրենց տարբեր գործողությունների դիմաց ստանալ նվերներ, անակնկալներ: Նպատակն է պրոդուկտը դարձնել հետաքրքիր, օգտագործելի և արդիական», – ասում է Մհեր Առաքելյանը:

Ընկերության գործունեության հինգ ամյակի կապակցությամբ EasyPay-ը մի շարք անակնկալներ է պատրաստել իր հաճախորդների համար: Դրանցից մեկն էլ հենց նույնականացման նոր մոդուլն է,որը ներդրվել է մայիսի 14-ին՝ երեկոյան: Այս նոր համակարգի նպատակն է ավելի արագ հասանելիություն ունենալ հաճախորդների տվյալներին (անձնագրի համար, սոցքարտի համար և այլն), որոնք անհրաժեշտ են հաճախորդների հետ հետագա գործարքների իրականացումն ապահովելու համար: Նշենք, որ առանց նույնականացման հաճախորդը համակարգում կարող է կատարել սահմանափակ քանակով գործառույթներ: Հետագա գործընթացները շարունակելու համար անհրաժեշտ է նույնականացում:

Կազմակերպության բիզնեսի զարգացման պատասխանատու Սուրեն Ոսկանյանը նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ գործարկվել է EasyWallet-ը, և այս ընթացքում բազմաթիվ ֆունկցիաներ են ներառվել համակարգում, որոնցից են վճարման ժանանակացույցի կազմումը, որոշակի ծախսերի մոնիտորինգի համակարգերը, Facebook սոցիալական կայքի միջոցով գրանցվելու հնարավորությունը և այլն:

Սակայն նա նշեց, որ մինչև այժմ մեծ խնդիր են ունեցել հաճախորդների նույնականացման եղանակի հետ կապված: Մինչ այժմ եղել է նույնականացման երկու եղանակ. ֆիզիկապես պայմանագիր կնքելու միջոցով և բանկային քարտի կցագրման միջոցով: Կա նաև համաձայնագիրը պատվիրելու հնարավորություն, որին դիմելու դեպքում ընկերությունը առաքում է համաձայնագիրը հաճախորդին հարմար վայրում և պահին:

Սակայն նպատակ ունենալով ավելի արագ նույնականացում ապահովել հաճախորդների համար՝ ստեղծել են նույնականացման օնլայն եղանակը: Կազմակերպության ՏՏ անվտանգության պատասխանատու Արմեն Խանգելդյանը նշեց, որ համակարգը հնարավորություն է ընձեռում նույնականացման գործընթացը կատարել նույնիսկ տանը բազմոցին նստած՝ համապատասխան հավելված միջոցով, որն անգամ չի նվազեցնում տվյալների պաշտպանման մակարդակը:

Նույնականացման համար անհրաժեշտ է հետևել մի քանի քայլերի. օգտատերը մուտք գործելով հավելված նույնականացման հրավեր է ստանում, որից հետո պետք է նկարի անձնագիրը կամ ID-ն: Ապա օգտատերը պետք է նկարի ինքն իրեն՝ հետևելով որոշակի ձայնային և գրավոր հրահանգների, որից հետո տվյալները մուտք են գործում համակարգ, և օգտատերը համարվում է նույնականացված:

Արմեն Խանգելդյանը նշեց, որ այս նախագծի ներքո օգտագործվել է երկու միջազգային մեթոդ , որոնցից երկուսն էլ իրենց ասպարեզում լավագույնն են հանդիսանում և կիրառվում են տարբեր պետությունների կողմից իրենց քաղաքացիների կենսաչափական տվյալների հավաքագրման և մշակման համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ