fbpx
Հասարակություն

EasyPay տերմինալների միջոցով 2 միլիոնից ավելի գումար է հավաքվել Արյունաբանական կենտրոնի համար

EasyPay ընկերության և «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի համատեղ բարեգործական ծրագրի արդյունքում EasyPay տերմինալների միջոցով հաջողվել է հավաքել ավելի քան 2 մլն․ 420 հազար դրամ։ Գումարն ամբողջությամբ փոխանցվելու է Արյունաբանական կենտրոնին՝ արյան հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման ծախսերը մեղմելու կամ կոմպենսացնելու նպատակով։

Ինչպես հայտնեց Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, այս ճանապարհին երկար փնտրտուքներ ենք ունեցել։

«Երեխաների կողքին միշտ կանգնած են տարբեր բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, իսկ 25 տարեկանից բարձր հիվանդների համար ելք ենք փնտրել երկար տարիներ»,-ասաց նա։

«Ինձ համար պատիվ է հանդիպել հայ բիզնեսմեններին, որոնք մտածում են ոչ միայն իրանց շահերի, այլ նաև քաղաքացիների խոցելի խմբի խնդիրների մասին»,-ասաց Սամվել Դանիելյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Արյունաբանական կենտրոնում բուժում անցած և կատարյալ առողջացած ավելի քան 1200 երեխաներ կան, և հույս հայտնեց, որ այս նախագծի շնորհիվ առողջացած մեծահասակների թիվն էլ զգալիորեն կաճի։

EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանի խոսքերով, այս նախագծին մասնակցել է արդեն ավելի քան 120 հազար մարդ և այդ թիվը գնալով աճում է։

«Երևի շատ քիչ ընտանիք կա, որը չի բախվել այս հիվանդության հետ կապված դժվարությունների, երբ քո հարազատը կամ դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղից կարծես ելք չկա թե ֆինանսապես, թե հոգեպես։ Ու մենք պարտավոր ենք կանգնել այդ մարդկանց կողքին՝ ինչը և արեցինք մենք և մեր հաճաղորդները այս նախագծով», – ասաց Մհեր Առաքելյանը։

Նա ավելացրեց, որ EasyPay ընկերությունը բարձր է գնահատում և շնորհակալ է հաճախորդներին պատրաստակամության և բարեգործական նախագծին ակտիվ մասնակցության համար։

EasyPay ընկերության Բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն Սուրեն Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց նախագծում մասնակցած քաղաքացիներին և նշեց, որ EasyPay-ի հաճախորդների կամքի շնորհիվ են գոյանում այդ գումարները։

«EasyPay-ը այստեղ հանդիսանում է խողովակ քաղաքացիների և Արյունաբանական կենտրոնի միջև։ Սա այն ճիշտ բիզնես մոդելն է, որը թույլ է տալիս չնչին գումարներով ապահովել մեծ ծավալ»,-նշեց Սուրեն Ոսկանյանը։

Մեծահասակների արյունաբանական և քիմիաթերապիայի կլինիկադիսպանսերային բաժանմունքի վարիչ Մարինա Մելիք-Անդրեասյանի խոսքերով, երկար տարիների ընթացքում, աշխատելով մեծահասակ հիվանդների հետ, փնտրել ենք մի ելք, որպեսզի կարողանանք հիվանդի գոնե ֆինանսական հոգսերը թեթևացնենք։ Արյունաբանական կենտրոնը բազմիցս դիմել է տարբեր կազմակերպությունների, բարերարների և եղել են օգնություններ, բայց դրանք չնչին էին։

«Այս նախագիծը մեզ շատ ոգևորեց, սա մի փոքրիկ տեստ էր հայ ազգի համար և ես հիացած ու երախտապարտ եմ իմ ժողովրդին նվիրատվություններում ակտիվ մասնակցության համար», – ասաց Մարինա Մելիք-Անդրեասյանը։

Նշենք, որ հուլիսի 1-ին EasyPay ընկերության և Արյունաբանական կետրոնի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր։

Այս հուշագրի շրջանակներում EasyPay-ի ավելի քան 1500 տերմինալներում hեռախոսահամարի հաշիվը համալրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել կատարել նվիրատվություն: Տերմինալի էկրանին դուք տեսնում եք Կենտրոնի անունը, նվիրատվություն անելու հրավերը, գումարի երեք տարբերակները (10, 20 և 30 դրամ) և չմասնակցելու հնարավորությունը «Բաց թողնել» կոճակի տեսքով։

Նվիրատվության կոճակը ընտրելուց հետո հաճախորդը ստանում է երկու կտրոն․ առաջինը hեռախոսահամարի հաշիվը համալրելու մասին ու երկրորդը՝ Արյունաբանական կենտրոն փոխանցման մասին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ