Ժամանց

Էդ Շիրանը կարող է կատարել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սաունդթրեքը

Երգիչ Էդ Շիրանը պատրաստ է գլխավոր թեման կատարել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար: Այդ մասին Music Week պորտալին հայտնել է արտիստի մենեջեր Սթյուարթ Քեմփը:

Նրա խոսքով՝ ֆրանշիզայի ֆիլմերի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիի հետ հանդիպումը տեղի է ունեցել դեռ 2017 թվականին, եւ այն ժամանակ նա հետաքրքրություն էր ցուցաբերել: Քեմփը նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ լրտեսի մասին պատմող 25-րդ կինոնկարի ռեժիսոր էր նշանակվել Դեննի Բոյլը, որը Շիրանին նկարահանել է Yesterday ֆիլմում:

«Հասկանալի է, որ նրանք փոխել են ռեժիսորին, սակայն մենք դեռեւս պատրաստ ենք երգը ձայնագրել, բայց առայժմ նույնիսկ բանակցություններ չեն եղել»,-նշել է երգչի մենեջերը:

Նա հավելել է, որ Շիրանն ամեն օր իրեն այդ առնչությամբ հարցեր է տալիս:

«Եվ ես պատասխանում եմ, որ նրանք երաժշտությամբ զբաղվում են վերջին հերթին»,-պարզաբանել է Քեմփը: Նա ընդգծել է, որ Շիրանը միանշանակ կցանկանար երգ ձայնագրել ֆիլմի համար: Բոնդի մասին նախորդ՝ «007. սպեկտր» կինոնկարի համար գլխավոր թեման կատարել է երգիչ Սեմ Սմիթը:

Writing’s on the Wall կոմպոզիցիան 2016 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում: Տարբեր տարիների բոնդապատումի համար գլխավոր թեմաները կատարել են Ադելը, Մադոննան եւ բազմաթիվ այլ երաժիշտներ: Ջեյմս Բոնդի մասին կինոէպոպեայի 25-րդ մասը էկրան կբարձրանա No Time To Die (Մեռնելու ժամանակ չկա) անվանմամբ: Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2020 թվականի ապրիլին։Այս մասին հաղորդել է ТАСС-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ