fbpx
Զինված Ուժեր

Բոլորին ինքն էր նկարում, հիմա արդեն իրեն են նկարում․ հերոս Էդգարի մայրը խնամքով է պահում որդու կիսատ մնացած նկարները

«Բոլորին ինքն էր նկարում, հիմա արդեն իրեն են նկարում»․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հերոս Էդգար Տոնականյանի մայրը խնամքով է պահել որդու նկարած բոլոր նկարները, որոնք Էդգարից մնացած ամենաթանկ հուշերն են։

Մայրն ասում է՝ նկարները կիսատ մնացին, որդու կյանքի նման։

Ճարպիկ, հումորասեր ու ընկերներին նվիրած՝ այսպես է բնութագրում Էդգարին մայրը՝ տիկին Աստղիկը։

Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Էդգար Տոնականյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Բոլորն են փաստում Էդգարի մարդասիրության ու հոգատարության մասին։

«Մի անգամ փոքր տղայիս՝ Վահեիս հետ, տուն գալու ճանապարհին տեսնում են ռուս բլոգերի, մոտենում են ծանոթանում։ Պարզվում է՝ եկել է ոտքով արշավի։ Եկավ տուն պատմեց, որ ծանոթացել են հետը։ Ինձ ասաց, մա՜մ, գիշերը դուրսն է մնալու, գնամ, բերեմ, մեր տանը թող մնա։ Ասացի, ոչինչ սովոր կլինի, բան չկա։ Անցավ մի ժամ, տեսնեմ բլոգերի հետ եկավ, վրանն ու մնացած իրերն էլ հետը։ Մնացին մեր տանը, ողջ գիշեր ուրախացան։ Առավոտյան էլ տարել էր մեր Հառիճավանք ու ցույց տվել մեր քաղաքի եկեղեցիները», – պատմում է տիկին Աստղիկը։

Շատ կատակասեր է եղել, հարազատները պատմում են՝ հումորի շատ նուրբ զգացողություն ուներ, այնպես կկատակեր, որ դիմացինը իրենից երբեք չէր նեղանա։

«Բոլոր նկարներում ժպտում է, միշտ ծամածռվում էր նկարվելիս, մանավանդ ինձ հետ երբեք լուրջ դեմքով չէր նկարվի։ Ընկերների հետ էլ շատ հումորով էր, որ մեկ-մեկ վրան բարկանում էի, թե անհամ կատակներ մի արա կնեղանան, ասում էր ինձնից չեն նեղանա»,- ասում է տիկին Աստղիկը։

Էդգարը շատ աշխույժ էր, սիրում էր սպորտը։ Հաճախել է բասկետբոլի, բռնքամարտի և պարկուրի պարապմունքների։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել է կրթությունը շարունակել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում՝ «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժնում։

«Ամեն տեղ իրեն փորձում էր, մինչև կգտներ իրենը։ Ուզում էի օդաչու դառնար, արդեն համոզել էի, բայց հետո չգիտեմ՝ ինչ եղավ, որոշումը փոխեց։ Սկսեց գնալ նկարչության պարապմունքների ու ընդունվեց ակադեմիա»,- ասում է հերոսի մայրը։

Էդգարը բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 28-ին։ Ծառայության ընթացքում էլ օրինակելի ու կարգապահ զինվոր է եղել։ Տիկին Աստղիկը հիշում է, որդին միշտ հոգատար է եղել, բանակում էլ տոները չէր մոռանում, սիրում էր անակնկալներ մատուցել։

«Մարտի ութին ինձ անակնկալ էր արել։ Զանգել էր փոքր տղայիս, ասել՝ մամային ծաղիկներ կտանես»,- հիշում է տիկին Աստղիկն ու ցույց տալիս անկանկալ ծաղեփնջի ու բացիկի լուսանկարները։

Բանակում լավագույններից էր, սերժանտ էր, դիրքի ավագ։ Ծառայում էր Մարտունի 3-ում։

«Սիրում էր ծառայությունը, արագ հարմարվեց։ Ծառայության սկզբի վեց ամիսները Հոկտեմբերյանի զորամասում էր, հիվանդացել էր, մի քանի օր գոսպիտալում պառկեց։ Երբ իմացել էր, որ սերժանտի կոչում են տալու, խառնվել էր իրար։ Զանգեց, թե հրամանատարիս հետ խոսեք, թող շուտ ինձ դուրս գրեն, գնամ, որ սերժանտս ստանամ»,- պատմում է հերոսի մայրը։

Տիկին Աստղիկը հիշում է, երբ որդին եկել է արձակուրդ տասը օրով, շատ քիչ է տեսել։ Էդգարը շատ ընկերասեր էր ու ողջ ազատ ժամանակը ընկերների հետ էր անցկացնում։

«Մենք էլ իր ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, գնացինք իրեն տեսակցության։ Նոր էր դիրքերից, իջել շատ հոգնած էր, աչքերն արդեն փակվում էին»,- ասում է մայրը։

Որպես դիրքի ավագ Էդգարը պատասխանատվություն ուներ զինվորների նկատմամբ։ Բանակում մեկը մյուսին պետք է թիկունք լինեին։ Մարտունի 3-ի 7-րդ վաշտը միշտ է աչքի ընկել իր պատրաստվածությամբ, այս մասին բազմիցս փաստել են հրամանատարներն ու վերադասները։

Տիկին Աստղիկը վերջին անգամ որդու հետ խոսել է նախորդ տարվա հոկտեմբերի 11-ին։ Կարճ են խոսել, Էդգարը վստահեցրել է, որ ամեն բան կարգին է։

«Սեպտեմբերի 27-ից եղել են դիրքերում, ոչ մի դիրք չեն տվել թշնամուն։ Երբ խոսում էինք, միշտ ասում էր ամեն ինչ լավ է։ Հոկտեմբերի 11-ին էլ առավոտ շուտ զանգեց, բայց շատ կարճ խոսեցինք, ասաց, սպասիր կզանգեմ։ Մի քանի ժամ անց, սկսեցի անհանգստանալ, իրեն զանգեցի անհասանելի էր, հերթով ընկերներին էլ զանգեցի, միանգամից բոլորը անհասանելի դարձան»,- պատմում է տիկին Աստղիկը։

Տիկին Աստղիկը հիշում է՝ Էդգարը բանակ գնալուց առաջ միշտ պատերազմի մասին տեսանյութեր էր նայում, երգեր լսում։

«Մի անգամ էլ տանը նստած էր, եկավ ինձ փաթաթվեց, ասաց, մա՜մ, գնամ բանակ զոհվեմ եղբորս բանակ չտանեն։ Բարկացա վրան, թե Վահեին ինչ է եղել, որ բանակ էլ չտանեն»,- հուզմունքով է հիշում որդու այս խոսքերը տիկին Աստղիկը։

Մինչ հոկտեմբերի 11-ը Էդգարենք պաշտպանել են իրենց դիրքերը, թեժ մարտեր են վարել, իսկ հոկտեմբերի 11-ին ամբողջ վաշտին տեղափոխել են Հադրութ։

«Իրենց տեղափոխել են Հադրութ, բայց Հադրութն արդեն 2 օր առաջ գրաված են եղել»,- ասում է տիկին Աստղիկը։

73 հոգանոց վաշտից 67 զինվորները զոհվել են, կան նաև մինչ օրս անհետ կորածներ։

Տիկին Աստղիկը ցույց է տալիս որդու նկարները ու ասում՝ ավելի է վատ զգում, երբ տեսնում է որդու կիսատ մնացած նկարը, որ բանակից վերադառնալուց հետո շարունակելու էր։

«Ամեն ինչ իր հետ տարավ, ճիշտ է կանք, ապրում ենք, բայց էլ առաջվանը չենք։

Էդգարը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ