fbpx
Հասարակություն

Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 11-ին Facebook-յան լայվի ընթացքում հայտարարել է, որ Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը։

Քաղաքապետը նշել է, որ 2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։

«Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որևէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը»,- ասել է քաղաքապետը։

Դիանա Գասպարյանը հայտնել է, որ օրինական պահանջները անտեսելով՝ կառուցապատողը շարունակել է շինարարությունը։

«Այս շաբաթ քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցը հերթական շրջայցի շրջանակներում նորից այցելել է այդ տարածք՝ նկատելով, որ շինարարությունը շարունակվել է, կազմել է նոր արձանագրություն և դրան հետևելու է վարչական վարույթը։ Տվյալ կառուցապատողը շրջանցում է օրենքը, ցանկանում է, որ մենք՝ ինքներս օրենք շրջանցելով տանք շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ այդ գործը պետք է գնա ինքնակամ շինարարության օրինականացման ճանապահով և քաղաքին պետք է վճարվի 36 միլիոն դրամ»,- հավելել է քաղաքապետը։

Քաղաքապետը պատմեց, որ այդ ամենից հետո սկսվել է «կեղտոտ» արշավ իր, իր ընտանիքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ. «Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի Դոն Պիպոյի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով։ Այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը։

Ավելին, նույն անձը, ըստ քաղաքապետի, ինքնակամ շինարարություն է սկսել Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին նրա հետ հանդիպման ժամանակ։ Քաղաքապետը նկատել է, որ Արթուր Ասատրյանը ամեն կերպ փորձեր է արել, ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, կարծում է, թե ինքը ամենակարող է, բայց չի ստացվի նրա մոտ։

Հարգելի պարոն Ասատրյան, միգուցե դուք շրջապատել եք ձեզ կամակատարներով, բայց իմացեք՝ Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել ձեր կամակատարը։ Այս ամենը պատերազմ է, լկտի արշավ, որը ոչ միայն ուղղված է քաղաքապետի, այլ նաև յուրաքանչյուր էջմիածնեցու դեմ»,- հավելել է Դիանա Գասպարյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ