fbpx
Երևան

Եկե´ք` Ադրբեջան անվանենք մայրաքաղաք Երևանը. քննարկում ավագանու նիստում

Երևանի ավագանու մարտի 22-ի արտահերթ նիստում թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոցը վերանվանելու մասին առաջարկից հետո: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն իրավունք է վերապահում խմբակցության անունից խոսելու: Նա ասաց.

«Վերջերս մեր խմբակցության նիստին արձանագրեցինք, որ Երևանը սևագիր թուղթ չէ: Անվանափոխումների հետ կապված՝ մեր դիրքորոշումն ունենք, նախքան որևէ փողոցի, հրապարակի, շենքի անուն փոխելը կարելի է գոնե հանրային լսման դնել, հասկանալ՝ ինչ ենք ուզում կամ ինչու կամ ում անունով ենք փոխում և արդյոք արժե՞ այդպես անել: Ռոդնինայի հարցում իմ առաջարկը կարող է վերջնագրային չհնչի, ես տեղյակ չեմ` ո՞ւմ անունով եք ուզում կոչել»:

Խաչատրյանը տեղից արձագանքեց. «Բա մնացած հարցերը հանրության հետ ինչո՞ւ չեք քննարկել՝ տոնածառ, Օպերա, բոլոր հարցերը»:

Հովհաննիսյանն արձագանքեց, որ ուղիղ երեք ամիս իրենք հանրության հետ խոսում էին Օպերայի տարածքից սրճարանները հանելու մասին, բայց հիմա իրենց ասում են՝ չեք խոսել:

«Լեմկինը, Եվրոպայի հրապարակը քննարկե՞լ էիք հանրության հետ»,- հարցրեց Խաչատրյանը:

Ինչին Հովհաննիսյանը այսպես արձագանքեց.

«Շուտասելուկի մրցույթի չենք մասնակցում, խնդրո´ւմ եմ, հարգե´նք իրար: Խմբակցությունը նիստ կհրավիրի, կքննարկենք՝ ինչ անունով ենք ուզում կոչել կամ անվանափոխո՞ւմ ենք արդյոք»:

Նա նաև հստակեցրեց՝ դա չի նշանակում, որ իրենք չեն միանում «Լույս» խմբակցության հեղինակած նախագծին, պարզապես կարծում են՝ 15 րոպեում պիտի չնստեն, որոշում կայացնեն:

«Մի ուրիշ քաղաքական գործիչ կարող էր գնալ, օրինակ՝ ֆրանսիացի, հիմա ի՞նչ՝ մտածենք` Ֆրանսիայի հրապարակը շուտափույթ պետք է փոխե՞լ: Ո´չ»,- ասաց Հովհաննիսյանը:

Խաչատրյանը նշեց.

«Եկե´ք` Ադրբեջան անվանենք մայրաքաղաք Երևանը, սենց լավ չէր»:

Բանավեճին միջամտեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տիկի´ն Խաչատրյան, կարծեմ տեղին չէր Ձեր ռեպլիկը, բայց, համենայն դեպս, կխնդրեմ՝ երբ ելույթ է ունենում ավագանու անդամը, մյուսը չմիջամտի, նա իր ասելիքը կարող է ելույթից հետո ասել և ավելի լսելի կլինի, անկախ ամեն ինչից՝ համաձայն եք, համաձայն չեք: Այնպես չի, որ այստեղ ով ինչ ելույթ է ունենում, ես համաձայն եմ, բայց համբերատար լսում եմ, եթե ասելիք ունեմ, ասում եմ կամ դուք էլ, եթե ասելիք ունեք, ասում եք: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, պետք է հարգենք իրար, չմոռանանք, որ արդեն 2019թ. է»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը նկատեց՝ պետք չէ հապճեպ որոշում կայացնել, գուցե ավելի լավ անվանման առաջարկներ հնչեն, մանավանդ, եթե խոսքը համատեղ նախագծի մասին է:

«Ունենք բավարար ժամանակ, փաստն արձանագրված է, հնչել են հակահայկական ելույթներ, որոնք պատշաճ գնահատական են ստացել»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ