fbpx
Կառավարություն

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Կոլումբիայի համալսարանի ամերիկահայ գիտնական Արմեն Քերլոփյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է ամերիկահայ ճանաչված գիտնական, Կոլումբիայի համալսարանի դասախոս Արմեն Քերլոփյանին, ով օրերս մասնակցել է Երևանում կայացած «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։

Դոկտոր Քերլոփյանը մասնագիտական ծառայություններ մատուցող, բիզնեսի փոխակերպումներ իրականացնող, թվային տեխնոլոգիաների հիման վրա նորարարություններ ներդրող Genpact միջազգային ընկերության գլխավոր գիտաշխատող է և Data Science Bowl-ի համահիմնադիրը։ Նա պատրաստակամություն է հայտնել, օգտագործելով իր մասնագիտական կարողությունները, նպաստել Հայաստանում հեռանկարային ծրագրերի նախաձեռնմանը և իրականացմանը։

Արմեն Քերլոփյանը զրույցի ժամանակ ասել է, որ այցելել է մի քանի համալսարան՝ ծանոթանալու Հայաստանի մասնագիտական ներուժին, նաև հանդիպումներ է ունեցել դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Իր կարծիքով, դեղագործական ոլորտը ճիշտ մարտավարության, հաշվարկների և գործողությունների արդյունքում կարող է զարգացման լավ հեռանկարներ ունենալ: Սակայն որևէ ոլորտում հաջողություն ունենալու համար, ըստ Արմեն Քերլոփյանի, մարդկային կապիտալից, ենթակառուցվածքների զարգացումից, նպաստող օրենսդրությունից, նորարարական գաղափարներից և բազմաթիվ այլ կարևոր նախապայմաններից զատ, անհրաժեշտ է գաղափարի շուրջ միասնական համախմբվածություն: Նաև, նրա համոզմամբ, Հայաստանի մասին պետք է խոսել, որ լսեն ու գան, և պետք է գան ու տեսնեն, որ լսածը ճիշտ է, որ Հայաստանում աշխատելը հաճելի է, որ այստեղ աշխատանքը կհաջողվի, որովհետև իրենց խնդիրները կլուծվեն:

Ավագ Ավանեսյանը համառոտ ծանոթացրել է հյուրին վերջին շրջանում Հայաստանի ներդրումային գրավչության ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, նաև տեղեկացրել, որ Հայաստանում գործում են նշված խնդիրներով զբաղվող պետական ու մասնավոր կառույցներ։ Նա առաջարկել է հանդիպել և կապ հաստատել այդ կառույցների ղեկավարների հետ, այդ թվում նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ երկրի տնտեսական վիճակի և զարգացման հեռանկարների խորքային հետազոտությունների համար կառավարությունը մտադիր է ստեղծել պետական վերլուծական կենտրոն, և այդ ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է։ Ավագ Ավանեսյանը մասնագիտական խորհուրդ է հարցրել Արմեն Քերլոփյանից, թե ինչպե՞ս ապահովել պետական կենտրոնի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, միաժամանակ չվնասելով մասնավոր կենտրոնների աշխատանքին:

Զրուցակիցները պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել և շարունակել համագործակցությունը նշված խնդիրների ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ