Electric Yerevan-ը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.
««Էլեկտրիկ Երևան» հակակոռուպցիոն ծրագրերի և համակարգային բարեփոխումների հասարակական կազմակերպությունը իրազեկում է հանրությանը՝ մեր կազմակերպության անվան բացառիկությունը, արժեքներն ու գործունեությունը պաշտպանելու նպատակով:
«Էլեկտրիկ Երևան» անվանումը ծնվել է 2015 թվականի Մ. Բաղրամյան պողոտայում քաղաքացիական ինքնակազմակերպված շարժման արդյունքում՝ նպատակ ունենալով պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, պայքարել կոռուպցիայի դեմ և խթանել համակարգային բարեփոխումները: Այն գրանցվել է որպես հասարակական կազմակերպության անվանում՝ մեզ հնարավորություն տալով շարունակելու շարժման նպատակները և բարձր պահել արժեքները նաև ինստիտուցիոնալ ձևաչափով:
Վերջերս մենք տեղեկացել ենք, որ «Էլեկտրիկ Երևան» անվանումը օգտագործվում է երկու հայտնի երկիծաբան-լրագրողների կողմից՝ որպես հաղորդաշարի անվանում, որը ներկայացնում է էլեկտրական մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն: Չնայած մեր խնդրանքին, որ մեզ խնդրի առաջ չկանգնեցնեն՝ վերանայեն անվանման օգտագործումը, նրանք իրականացրել են հրապարակումը մեր անվան տակ:
«Էլեկտրիկ Երևան» անվանումը իրավաբանորեն պատկանում է մեր կազմակերպությանը՝ գրանցված Պետական ռեգիստրում (գրանցման համար՝ 211.171.875910, 2015-10-20): Մենք դեռևս բաց ենք խաղաղ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկման համար՝ խնդիրը իրավական քայլերից զերծ լուծելու նպատակով։
Տեղեկացնում ենք մեր հետևորդներին, աջակիցներին, զանգվածային լրատվամիջոցներին, պետական և միջազգային կառույցներին չնույնականացնել մեզ այդ հաղորդման հետ։ Ցանկանում ենք ընդգծել, որ հաղորդաշարը կապ չունի մեր կազմակերպության հետ, և դրա բովանդակությունը որևէ առնչություն չունի մեր հակակոռուպցիոն և բարեփոխումների ուղղվածությանը:
Մեր կազմակերպությունը հավատարիմ է իր նպատակներին՝ խթանելու ՀՀ-ի ինքնիշխանությունը, ժողովրդավարական արժեքները, սոցիալական արդարությունը և իրավունքի գերակայությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը՝ քաղաքացիական պատասխանատվության բարձրացման, թափանցիկ կառավարման խթանման և հասարակական բարիքի ստեղծման ուղղությամբ:
Հավատարիմ ենք մեր արժեքներին և վճռական ենք մեր անվանումն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում:
Խնդրում ենք տարածել այս հաղորդագրությունը։ Շնորհակալություն աջակցության համար։
Հարգանքով,
Նարեկ Այվազյան
Հիմնադիր տնօրեն
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ
electricyerevan@yahoo.com
#ElectricYerevan #SystemicChanges #AntiCorruptionProjects»