Հասարակություն
18:20 19/12/2019

ԵՄ-ն 5,1 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ճանապարհային անվտանգության ապահովման համար

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Այս համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել տարածաշրջանային փոխհաղորդակցությունը Հայաստանի տրանսպորտային ցանցի կատարելագործման‚ մասնավորապես՝ ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառումների ներդրմամբ և համապատասխան մարմինների ու շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով՝ ճանապարհային անվտանգությանն առնչվող միջազգային չափանիշներին հասնելու համար։

Այս ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝ ճանապարհային անվտանգության միջոցառումներ Մ-6 միջպետական ճանապարհի վրա, ճանապարհային անվտանգության հետ կապված աշխատանքներ և ենթակառուցվածքների բարելավում Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերում, Մ-2 Երևան-Արարատ-Կապան-Մեղրի, Մ-4 Երևան-Հրազդան-Սևան-Ազատամուտ, Մ-12 Գորիս և Մ-17 Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական ճանապարհների վրա նախանշված 15 վտանգավոր կետերում‚ ինչպես նաև՝ լրացուցիչ բացահայտված այլ վտանգավոր կետերում։

Ծրագիրը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։

Ընդհանուր տեղեկություններ

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանքմիասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք`պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի մասին

Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակը (NIP) մոբիլիզացնում է լրացուցիչ միջոցներ՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործող ԵՄ գործընկեր երկրներում կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերը տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և սոցիալական զարգացման ոլորտներում ֆինանսավորելու նպատակով։

ԵՄ ներդրումը հնարավորություն կտա ֆինանսավորել ճանապարհային անվտանգության միջոցառումները և թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը հասնել ճանապարհային անվտանգության պլանավորման և չափանիշների կատարելագործման հետ կապված նպատակին: Բարելավված տեղամասերում ճանապարհային պատահարների ակնկալվող նվազումը կկանխի ճանապարհային լուրջ պատահարները, որոնք կարող են վնասվածքային, սոցիալական և տնտեսական հետևանքներ ունենալ ազդակիր ընտանիքների համար:

Ըստ էության, ԵՄ ներդրումն աջակցելու է ոչ միայն վտանգավոր կետերի բարելավմանն ուղղված «կոշտ» և «փափուկ» միջոցառումներին, այլև դրանց հետ կապված օժանդակ միջոցառումներին և կառավարման ու ստանդարտների երկարաժամկետ բարելավումներին՝ նպատակային միջոցառումների կենսունակությանը նպաստելու համար:

ԵՆԲ-ի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրամիության բանկն է։ Այն ԵՄ երկարաժամկետ վարկատու կառույցն է և միակ բանկը, որը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին և ներկայացնում է նրանց շահերը։ Բանկը երկարաժամկետ ֆինանսավորում է տրամադրում կենսունակ ներդրումների համար` ԵՄ քաղաքականության նպատակներին նպաստելու համար: ԵՆԲ-ն սերտորեն համագործակցում է ԵՄ այլ կառույցների հետ` ԵՄ քաղաքականությունը կյանքի կոչելու համար:

Որպես վարկերի ծավալով ամենախոշոր բազմակողմանի վարկառու և վարկատու՝ ԵՆԲ-ն ֆինանսական միջոցներ և մասնագիտական ծառայություններ է տրամադրում կենսունակ և կայուն ներդրումային ծրագրերի համար, որոնք նպաստում են ԵՄ քաղաքականության նպատակների իրականացմանը: ԵՆԲ-ի գործունեության ավելի քան 90%-ն ուղղված է Եվրոպային, սակայն Բանկն աջակցում է նաև ԵՄ-ի արտաքին և զարգացման քաղաքականություններին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ