fbpx
Հասարակություն

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։

Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:

Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:

Ներկայացված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները ֆինանսավորվելու են EU-GAIA ծրագրի ներկայիս միջամտության տրամաբանության և բյուջեի շրջանակներում։ Միջոցառումներն ուղղված են հատկապես ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում առավել սոցիալ-տնտեսական խոցելի խմբերի համար: Միջոցառումներն առաջարկվել և իրականացվելու են Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

EU-GAIA ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստը նախագահում էին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բագիոլին:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երևանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, այլք:

Գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում COVID-19 ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված համապարփակ աջակցության միջոցառումների շրջանակներում կարող են ներառվել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի առաջարկությունները, այն է՝ սկսել քննարկումները մերձափնյա և անտառաշերտ գոտիներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու ուղղությամբ, որպես խոցելի խմբերի անմիջական սոցիալ-տնտեսական աջակցության միջոց, ինչպես նաև ստեղծել համընդհանուր կապ Սևանի լճի տարածաշրջանում գյուղատնտեսական միջամտությունների և ջրի մաքրման նախագծի միջև:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ