Մոդել և հեղինակ Էմիլի Ռատաժկովսկին The Cut պարբերականում հրապարակված իր նոր էսսեում անդրադարձել է պրոդյուսեր Սեբաստիան Բեր-Մակկլարդի հետ իր ամուսնալուծությանը։ 2025 թվականին պաշտոնապես ամուսնալուծված զույգի հարաբերությունները, ըստ Ռատաժկովսկու, փլուզվել են դեռևս 2021 թվականին՝ նրանց որդու՝ Սլայի ծննդից կարճ ժամանակ անց։
35-ամյա մոդելը մայրության փորձը նկարագրում է որպես «բռնի անցում» դեպի նոր իրականություն՝ ընդգծելով ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը։ Նրա խոսքով՝ երեխայի ծննդից վեց ամիս անց զույգը դադարել է ինտիմ հարաբերություններ ունենալ, ինչին հաջորդել է բաժանումը։
Էսսեում Ռատաժկովսկին բարձրացնում է նաև «միայնակ մայր» պիտակի ընկալման հարցը։ Նա խոստովանում է, որ սկզբում այդ տերմինը իր համար վիրավորական էր հնչում, սակայն հետագայում, բաժանումից հետո անձնական կյանքը վերակառուցելով, նա հասկացել է, որ տղամարդկանց մի մասը հրապուրվում է մայրության գաղափարով։ Այս բացահայտումը նրան օգնել է ավելի հանգիստ վերաբերվել իր նոր կարգավիճակին։
Հոդվածը, որը ուղեկցվում է մոդելի կրծքով կերակրման լուսանկարներով, լայն արձագանք է գտել հանրության շրջանում։ Քննադատները նշում են, որ Ռատաժկովսկին հերթական անգամ օգտագործում է սադրիչ վիզուալ հնարքներ՝ իր անկեղծ գրական ոճը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար։

