fbpx
Աշխարհ

ԵՄ-ն՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման օրվա առթիվ

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Այս առիթով Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ, և այն չպետք է տեղ ունենա Եվրոպայում կամ աշխարհի այլ վայրերում: Այնուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառության՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

Կանանց նկատմամբ բռնություն դրսևորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր, նույնիսկ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախ է իր տանը, ինչպես նաև աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման և միգրացիայի պայմաններում, և ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության և ատելության խոսքի միջոցով:

Այս խնդրի մասշտաբները մտահոգիչ են։ Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք և աղջիկներ են:

Զարգացող երկրներում ուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչև 18 տարեկանը։ Առնվազն 200 միլիոն կին և աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը դեռևս գործող պրակտիկա է շուրջ 30 երկրում:

Մենք՝ որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու մեր հանձնառությանը՝ մերժելու և դատապարտելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումները:

Մեր պարտքն է նաև աջակցել և պաշտպանել զոհերին ՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որ նրանք հայտնեն իրենց նկատմամաբ կատարված հանցագործությունների մասին:

ԵՄ-ն պարտավորվում է շարունակել իր գործընկերների հետ անխոնջ աշխատանքը, որպեսզի ամրապնդի իրավական շրջանակներն ու հաստատությունները, որոնք աջակցում են զարգացմանը և կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող ծառայությունները, նպաստում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։

Բայց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ լայնամասշտաբ ներգրավվածություն:

Եվ՝ առավելապես տղամարդկանց մասնակցություն:

Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. վերացրե՛ք բռնությունն ընդդեմ կանանց և աղջիկների: ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան՝ պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր աղջկա՝ ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

Մենք դա անում ենք մեր ապագայի և մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց, և զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են և ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ և ապահով կատարելու ազատությունից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ