fbpx
Կառավարություն

Էներգախնայողությունը պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն․ ՀՀ վարչապետ

Էներգախնայողության թեման մեր հանրության համար առավել հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա. երբ խոսք է գնում, թե բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչ, ես միշտ հազար դրամի եմ լցնում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետը, երբ կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Վարչապետը նշեց, որ էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է։

«Որովհետև այսօր մենք բոլորս աշխատավայրերի, տների տաքացման և հովացման համար ծախսում ենք իքս գումար և այդ իքս գումարը կարող է նվազեցնել որոշակի թվով, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք հազար դրամ, էներգախնայողության ներդրում անելու դեպքում, ենթադրենք, կծախսենք յոթ հարյուր դրամ և օրինակ՝ էներգակիրների հնարավոր թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ծախսերի, բյուջեի վրա: Էներգախնայողությունը հայ ժողովրդի համար պետք է դառնա ռազմավարական առաջնահերթություն»,-ասաց վարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ նախագծում նախատեսված 17 միլիոնը գրանտներ է, խոսքը մանրածախ վարկերի մասին է: Չի բացառվում, որ և´ համաֆինանսավորում, և´ տոկոսի զրոյացում լինի, իսկ վարչապետը նշեց, որ այդ նախագիծը մարդկանց հնարավորություն կտա վարկային միջոցներ ներգրավել իրենց տունը էներգախնայող դարձնելու համար:

«Եթե այս ծրագրի դիզայնն անենք, լավ ծրագիր է լինելու, և եթե այս ծրագիրը շարժվի, ես վստահ եմ, որ մենք այլ ռեսուրսներ կմոբիլիզացնենք, քանի որ եթե, օրինակ՝ լամպեր փոխենք, այլ նորմերին հետևենք, դա 20-30 տոկոս ընտանիքի ծախսերը նվազեցնում է»,-նշեց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք հիմա հնարավորություն կա 2020 թվականն այդ համատեքստում համարել էներգախնայողության տարի, Մհեր Գրիգորյանը դրական պատասխանեց, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ պետք է համարել էներգախնայողության մեկնարկային տարի:

«Ինստիտուցիոնալ աշխատում ենք, որ էներգախնայողությունը ռազմավարական թեմա դառնա, այսինքն՝ մենք խնդիր պետք է դնենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու համար ձգտի մաքսիմալ արդյունավետության, և սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է: Մենք այս խնդիրը պետք է լուծենք՝ զուգահեռ այլընտրանքային էներգիան զարգացնելով»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ