fbpx
Քաղաքականություն

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

Բարեբախտաբար դուք զանգահարել եք մի ֆակուլտետի դեկանի, ում գլխավորած կառույցում ծանոթով կարմիր դիպլոմ ստանալու որևէ դեպք եթե արձանագրվի, ես պատրաստ եմ կրել օրենքով սահմանված, նախատեսված բոլոր պատասխանատվությունները։ Անդրադառնալով երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողին ասված հայտարարությանը՝ ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ միշտ համոզված է եղել, որ ԵՊՀ-ում, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետում պետք է անպայման գերիշխող լինեն ազատ միտքը, ակադեմիական ազատությունները, ուսանողակենտրոն կրթական միջավայրը և մաքրամաքուր աշխատանքային հարաբերությունները։

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանի գործարանի բացումից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին` արդյոք այսօր բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են: Երբ Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց, լրագրողը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է ինքը պատգամավոր, ինչու է խորհրդարանում: Դա հունից հանեց Ծառուկյանին. «Աղջի´կ ջան, ես բիզնեսմեն չեմ, ես սեփականատեր եմ, դու ի՞նչ ես ավարտել:ԵՊՀ-ն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի»: Երբ լրագրողը նշեց, որ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարմիր դիպլոմով, Ծառուկյանը հավելեց. «Երևի լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել: Բա ո՞վ լինի պատգամավոր, դո՞ւ ես ուզում լինես պատգամավոր: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի կարում դնի»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԵՊՀ ավարտածը կարող է լրագրությամբ զբաղվել, Մարտիրոսյանը նշեց, որ հայտարարությանը ծանոթ չէ, դրա մասին կարող է մեկնաբանություն տալ միայն ծանոթանալուց հետո։

«Միշտ համոզված եմ եղել, որ լրագրողն իրավունք ունի ցանկացած հարց տալու և լսելու ցանկացած պատասխան։ Որևէ մեկը չի կարող լրագրողին ասել, թե ինչու եք նման հարցը տալիս և որևէ լրագրող չի կարող դիմացինին ասել՝ ինչու եք ինձ այդպես պատասխանում։ Կարծում եմ՝ ինչ-որ թյուրըմբռնում է եղել, բայց լիարժեք մեկնաբանելու համար պետք է ծանոթանամ նյութին»,-նկատեց դեկանը։

Աղբյուրը՝ ArmDaily.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ