fbpx
Կրթություն

ԵՊՀ-ում դասադուլը ժամանակավոր դադարեցվել է

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօրվանից 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին հայտնել է ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը: Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին և ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին փոխանցելու իրենց դիմում-նամակները:

Ինչպես նշեց Գևորգ Գյուլումյանը, ուսանողներն այդ նամակներով ակնկալում են ռեկտորի և գիտխորհրդի արձագանքը, դիրքորոշումը պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված: Նախարարը օրեր առաջ իր մոտ էր ընդունել ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսներին, ովքեր բարձրաձայնել էին «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Դասախոսներից շատերն Արայիկ Հարությունյանին կոչ էին արել՝ անսալ հայագետների ձայնին և դառնալ այն նախարարը, որը ճիշտ որոշում կկայացնի՝ հայագիտության պահպանման և հետագա զարգացման գործում, ինչին նախարարը հակադարձել էր՝ լավ կլինի, որ դասախոսներն իրենք անսան և լսեն այն փաստարկները, որոնք հնչում են և եզրակացություններ անեն բացառապես փաստերի հիման վրա:

Հանդիպման ընթացքում ներկա դասախոսները մի քանի անգամ փորձեցել էին միջամտել նախարարի խոսքին, ինչի պատճառով նա նկատողություն էր արել՝ նշելով, որ բարի լինեն՝ լսելու մինչև վերջ, եթե նույնիսկ իրենց ականջներին հաճո չէ:

Արայիկ Հարությունյանը անդրադարձել էր բողոքներին ու խոսել նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթի վերաբերյալ և հայտարարել՝ ոլորտում նախատեսվող մի շարք բարեփոխումների մասին:

Այս օրերին ուսանողները դասադուլ չեն իրականացնի և կսպասեն ռեկտորի արձագանքին, իսկ մինչև այդ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այսօր միացել է նաև Երևանի Հյուսիսային համալսարանը: Ուսանողները դեմ են քննարկվող օրենքի նախագծով առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթին: Հյուսիսային համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման, մանկավարժության, բանասիրության ֆակուլտետների ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել և միացել ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ անցկացվող նստացույցին:

Գևորգ Գյումյանի տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է մի քանի օր անց դասադուլին մասնակցի նաև Հյուսիսային համալսարանի դասախոսների մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է նստացույցը, որը կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: Մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջի պատճառը «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, «Մել» ֆիլմը և ԿԳՄՍ նոր օրինագծի այն դրույթը, որով նախատեսվում է բուհերում «հայոց լեզու» և «հայոց պատմություն», «հայ գրականություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ