fbpx
Կառավարություն

Երբ մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր հայտնվում է մեկ այլը ու ասում՝ ինչու իր հարցը լուծեցիք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում նշեց, որ գործադիրն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների:

«Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝ ինչո՞ւ իր հարցը լուծեցիք, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական ու սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը, հանգիստ համակերպված հուսահատության հետ, իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ խնդիր է, որովհետև 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ երկիրը կկանգնի կոլապսի առաջ»,-ասաց Վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում, բոլորն աշխատել են առաջինը վազել և բռնել այդ ծառայություն մատուցողի կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի ծառայությունը:

«Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է, և ես ուրախ եմ, որ Հայաստանում սկսվել է տարածվել, մասնավորապես, բանկային համակարգում հերթ արձանագրող սարքեր են դրվել: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների տեղադրումը»,-հավելեց Վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություն ունեն, ըստ որի՝ Արծվաշենի մեր հայրենակիցները պատրաստվում են կառավարության դիմաց բողոքի ակցիա անել:

«Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: Մեզ ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ այս դրսևորումը տեղի է ունենում: Պարզ պատճառով, որովհետև 1,2 մլրդ դրամ տրամադրել ենք փախստականների կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Փախստականներն անգամ դա չեն ստացել: Այս ի՞նչ երևույթ է չուզող հարևանի տրամաբանությամբ, թե ինչի՞ իր հարցը լուծեցինք: Կամ մեզնից ակնկալվում է, որ մենք է՞լ բիրտ լինենք:

Նույնը Ամուլսարի վիճակի շուրջ էր. մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր: Այսինքն՝ մեր ակնկալիքն է, որ միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ է կարելի նորմալ հարաբերություն հաստատել:

Մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու, չենք վախենալու հարցեր լուծել ինչ է թե՝ ում հարցը լուծում ենք, չուզող հարևանը դուրս է գալու ասի՝ իսկ ինչո՞ւ իմ հարցը չեք լուծում: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայության տրամաբանությունից դուրս եկեք: Մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դիմաց պառկում է, ինչքա՞ն կարելի է»,-ասաց Վարչապետ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ