Հասարակություն

Երբ օգնության են գալիս «հնդիկները»․ FIP-ի վերլուծությունը՝ կեղծ լայքերի թեմայով

FIP-ը գրում է․

Թվերը սոցիալական ցանցերում կարևոր դեր ունեն։ Որևէ քաղաքական գործչի կամ ուժի էջում հրապարակման «լայքերը» կարող են ընկալվել որպես նրա վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։ Հետևաբար, նրանք հաճախ ձգտում են այս կամ այլ կերպ մեծացնել դրանց թիվը։ «Լայքերի» քանակը արհեստական կերպով մեծացնելու տարատեսակ ճանապարհներ կան, որոնցից ամենատարածված մեթոդներն են վճարովի գովազդը և կեղծ օգտահաշիվները։

Հանրային աջակցության տպավորություն ստեղծելու մեկ այլ մեթոդ է վճարովի ծառայություններից օգտվելը, որոնք ապահովում են հազարավոր «լայքեր» պատվիրատուի նշած հրապարակման տակ։ Այս տեսակ ծառայություններից շատերը գործում են Հնդկաստանում։

Այսպես, «արհեստական լայքեր» ձեռք բերելու միտում նկատվում է նաև Հայաստանում։ Օրեր առաջ՝ փետրվարի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի հրապարակում՝ մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի մասին, արժանացավ մեծ ուշադրության՝ մի քանի հազար օտարազգի արձագանքողների առթիվ։ Սրան անդրադարձան Փաշինյանի թիմից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Հակառակ կողմից էլ մի տելեգրամյան էջ պնդեց, որ Փաշինյանը ֆեյսբուքում այլևս չունի հենարան։

Այս հրապարակումը հատկանշական է այն առումով, որ դրան արհեստական արձագանքած օգտահաշիվներն արձագանքել են առնվազն երեք կերպով՝ «ջղային», «սրտիկ» և «հոգատարություն»։

Անհնար է հաստատապես ասել, թե ովքեր են կանգնած այս արշավի հետևում։

Սա միակն այպիսի դեպքը չէր։ Փաշինյանի 2020 թ. դեկտեմբերի 25-ի մեկ այլ գրառում ունի շուրջ 1400 «հա-հա»՝ պայմանական «հնդիկների» կողմից։ Սոցիալական ցանցերում տարատեսակ շահարկումներ եղան, թե ով է պատվիրել դրանք։ Փաշինյանին աջակցողները տեսնում են նրա ընդդիմախոսների հետքը, իսկ ընդդիմադիրները՝ հենց Փաշինյանի։

Ինչպես են աշխատում ծառայությունները

Այս դեպքերը հաշվի առնելով՝ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես են աշխատում արհեստական «հավանումների» ծառայությունները և արդյունքները ներկայացնում է ստորև։

«Լայքեր» ապահովող ծառայություն մատուցող կայքերից է Social King-ը, որի «մենյուում» կան «առաջխաղացման» բազմատեսակ ծառայություններ մի շարք սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը։ Այս ծառայությունների մեջ են մտնում հրապարակումների հավանումները և կիսումներ, տեսանյութերի դիտումները, հետևորդների թվի ավելացումը, քվեարկությունների ձայները, մեկնաբանությունները և այլն։

Ծառայությունների գները տատանվում են մի քանի դոլարից մինչև մի քանի հազար դոլարի միջակայքում։ Օրինակ, ֆեյսբուքյան գրառման համար 50 հավանում պատվիրելու համար պետք է վճարել ընդամենը 1.5 դոլար, իսկ հազար հավանման համար՝ 23 դոլար։ Ամենաթանկ ծառայություններից են հիսուն հազար «ամերիկյան» հավանումները, որը պատվիրատուի վրա կնստի 3750 դոլար։

Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչպես է գործում այս ծառայությունը, Fip.am-ը որոշեց օգտվել այս ծառայություններից մեկից։ Վճարելով շուրջ 48 դոլար (25,300 դրամ)՝ Fip.am-ի հրապարակումներից մեկը ստացավ շուրջ 2500 «լայք»։

Ստորև տեսանյութում ցույց ենք տալիս, թե ինչպես ենք պատվիրել ծառայությունը։

Հունվարի 28-ին՝ պատվիրելուց հետո շուրջ 24 ժամ անց, սկսվեց «լայքերի» հոսքը Fip.am-ի հրապարակման տակ։ Հավանումների ամբողջ խմբաքանակը «ժամանեց» մի քանի ժամվա ընթացքում։

Հարևան Վրաստանում 2018-ի հունիսին ծաղրանքի էր արժանացել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որի վրացերեն մի ֆեյսբուքյան գրառումը հավանել էին բազմաթիվ ոչ վրացի օգտահաշիվներ, կրկին՝ հիմնականում հնդիկներ։ Ինչպես և Փաշինյանի գրառման դեպքում, այդ դեպքում ևս չէր հաջողվել պարզել, թե ովքեր են կանգնած դրա հետևում։ Ընդդիմադիրները մեղադրել էին վարչապետին արհեստական կերպով «լայքեր» գնելու մեջ, իսկ կառավարությունը դրա հետևում տեսնում էր «համակարգված գրոհ»՝ իրեն վարկաբեկելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ