«Սիրիայի պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է»,- փետրվարի 17-ին Դամասկոսում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ երկրի տարբեր շրջաններից Դամասկոսում հավաքված տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ասադը նշել է, որ Սիրիան շարունակում է իր պայքարը, և պատերազմն ընթանում է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական և տնտեսական դաշտերում:
Սիրիայի նախագահն անդրադարձել է երկրի հյուսիսային շրջաններում ծավալվող զարգացումներին, և առանց քրդերի անունը շեշտելու, ասել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգները լքելու է և մենակ թողնի նրանց»։
Նա նաև քննադատել է տարածաշրջանի մի շարք երկրների՝ հայտնելով, որ նրանք նպատակ ունեին Սիրիան հասցնել բաժանման. «Բայց դա նրանց չհաջողվեց, իսկ այսօր ամեն գնով փորձում են ձախողել սիրիացի փախստականների վերադարձը երկիր»,- ասել է Սիրիայի նախագահը:
Բաշար Ասադը նաև ծանր մեղադրանքներ է ուղղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ դիտարկելով, որ Էրդողանն այսօր իր լավագույն օրերը չի ապրում։
«Նա ամերիկացիների համար գործող փոքրիկ վարձկան է, որի նպատակը նրանց օգնությամբ Սիրիայի հյուսիսային շրջաններ մուտք գործելն է»,- հայտարարել է Սիրիայի նախագահը՝ հավաքվածներին վստահեցնելով, որ Սիրիայի բանակը շարունակելու է իր առաքելությունն ու թիզ առ թիզ ազատագրելու է հողերը։
Մամուլը դիտարկել է, որ Բաշար Ասադի այս գնահատականները տրվել են Սոչիում գումարված եռակողմ հանդիպումից հետո, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները, հատկապես ՝ Իդլիբ շրջանի ընդհանուր իրավիճակը։
Փոխանցում է shantnews.am-ը։
