Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիր ունենալու և խաղաղության գաղափարներին:
«Ուրեմն ինչ-որ մեկն իր ձեռքին ռումբով քեզ վրա հարձակվի, դու էլ ասես՝ «ես խաղաղության կողմնակից եմ», և փակե՞ս ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը: Հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ոմանց ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ կա, և ոչ մեկ կամ երկու հատ, իսկ իմ ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ չլինի՞: Ես սա չեմ ընդունում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը ավելացրել է, որ աշխարհում գրեթե չկա մի զարգացած երկիր, որ միջուկային մարտագլխիկով հրթիռ չունենա։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
Էրդողանը, առանց նշելու երկրի անունը, հրապարակել է այդ երկրի նախկին նախագահներից մեկի հետ ունեցած երկխոսությունից հատված: Ըստ Էրդողանի՝ այդ անձը բողոքել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն ունեն 12 500-ից 15 000 միջուկային մարտագլխիկով հրթիռ, իսկ նրա ձեռքում 7 500 հատ կա և ինքն ավելացնելու է:
Էրդողանը բողոքել է, որ նման մրցավազքի պայմաններում, միջուկային զենք ունենալու հարցում Թուրքիային ասում են. «Տե՛ս հա, հանկարծ դու չանես»: Նա անդրադարձել է նաև Իսրայելի՝ միջուկային զենք ունենալու հարցին՝ նշելով, որ Իսրայելն ամեն առիթով դրանով է վախեցնում:
Էրդողանը նշել է, որ 5 օր առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու հարցի առնչությամբ և նրան ասել, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի նույն պայմաններով վաճառել ամերիկյան Patriot համակարգերը, ապա Թուրքիան պատրաստ է գնել դրանք: Նրանք պայմանավորվել են ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպել և խոսել սույն հարցի վերաբերյալ:
Էրդողանն իր ելույթում կարևորել է այլընտրանքային աղբյուրներ ունենալը, այդ թվում` միգուցե Չինաստանի հետ համագործակցությունը:
