Աշխարհ
20:00 03/03/2020

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Իդիլիբի իավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, մասնավորապես՝ Իդլիբի և փախստականների հարցերում երկկողմանի համագործակցության խնդիրները:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահը զրույցի ընթացքում շեշտել է փախստականների հարցում պատասխանատվությունը կիսելու և միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանություններին, երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրամիության վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:

Ըստ կանցլերի՝ իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է:

«Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության առաջ է կանգնել (դեպի Թուրքիա սիրիցի փախստականների հնարավոր նոր ալիքի հետ կապված-խմբ.): Սակայն ինձ համար անընդունելի է այն, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Ըստ իս՝ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է Մերկելը:

Մերկելը հայտարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալու ու հրադադար հաստատել Սիրիայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ